Ըստ coinmarketcap.com կայքի տվյալների՝ բիթքոյնի ծավալը ներկայումս ողջ աշխարհում հասնում է մոտ 899 միլիարդ դոլարի, էթերիումինը՝ 394 միլիարդ, իսկ վերջերս կտրուկ աճ գրանցած կարդանոնինը՝ 90 միլիարդ դոլարի: Սրանք ժամանակակից աշխարհի «փողերն» են կամ կրիպտոարժույթները:
Ի՞նչ է կրիպտոարժույթը
Կրիպտոարժույթը բանկերից ու կառավարություններից անկախ գործող թվային արժույթի տեսակ է: Այսինքն՝ մարդիկ կարող են առանց միջնորդի աշխարհի ցանկացած վայրից մյուս վայրը փոխանցում կատարել ընդհանուր արժութային համակարգով: Կրիպտոարժույթը կիրառում է գաղտնագրման տեխնիկա: Դրանով կատարված բոլոր գործարքները հաստատվում են ապակենտրոնացված համակարգի միջոցով, այնուհետեւ պահպանվում բլոկչեյն տվյալների բազայում: Վերջինս միասնական համակարգ է, որը շարունակաբար գրանցում, հաստատում ու ժամանակագրում է կրիպտոարտարժույթներով կատարված գործարքներն ու փոխանցումները։
2011 թվականին Forbes ամսագրում «Crypto currency» հոդվածի հրապարակումից հետո «կրիպտոարժույթ» տերմինը սկսել է ավելի շատ կիրառվել։ Բիթքոյնը (անգլ.՝ bit — տեղեկության միավոր եւ coin — մետաղադրամ) առաջին կրիպտոարժույթներից է: Այս արժույթի հիմնական առավելությունն այն է, որ նրանով կատարվող գործարքներն անանուն են, միջնորդի կարիք չկա: Որպես կանոն, կրիպտոարժույթ մշակողներն ի սկզբանե սահմանում են թողարկման ընդհանուր ծավալ։ Բիթքոյնի դեպքում նախապես սահմանվել է 21 միլիոնը։
Կիրառություն, արգելքներ, ռիսկեր
Ներկայումս կրիպտոարժույթները շատ կիրառելի են, եւ բազմաթիվ մարդիկ զբաղվում են դրանց տարածմամբ: Շատ է քննարկվում, թե դրանք ինչպիսի դեր եւ ազդեցություն ունեն տնտեսության վրա: Այնուամենայնիվ, հատկապես օնլայն գնումներում կրիպտոարժույթները սկսում են դառնալ առավել կիրառելի վճարային գործիքներ: Կարեւորվում է թվային արժույթը օրենսդրական կարգավորման դաշտ բերելը։ Անվտանգության նկատառումներով պայմանավորված՝ շատ երկրներում դրանց բաց շրջանառությունն արգելված է։
2021-ի օգոստոսի դրությամբ դեռեւս միայն Սալվադորի Հանրապետությունում է կրիպտոարժույթը (այս պարագայում՝ բիթքոյնը) ճանաչված որպես օրինական ու ազգային դրամական արժույթ։ 111 երկիր էլ վարում է «Crypto-Friendly» քաղաքականություն. օրենքով ոլորտը չի կանոնակարգվում, չեն էլ սահմանվում նորմեր, որոնք կարգելեն կիրառումը: Բանկերը, հարկային, դատական, պետական կամ մասնավոր մարմինները չեն կարող ազդել վճարային համակարգի մասնակիցների գործարքների վրա եւ վճարումների մասին տեղեկություն ունենալ: Կրիպտոարժույթի փոխանցումը անշրջելի է, ոչ ոք չի կարող չեղյալ համարել գործարքը կամ արգելափակել, նույնիսկ անմիջական մասնակիցները՝ ուղարկողն ու ստացողը։ Հետեւաբար պետք է ստուգել ստացողի հասցեի ճշգրտությունը, որովհետեւ նույնիսկ մեկ սխալ նիշի կիրառման պատճառով գործարքը կարող է ձախողված համարվել։
Թվային արժույթի մասին հակասական կարծիքներ կան, շատերը կրիպտոարժույթները համարում են կասկածելի: Հաշվի առնելով, որ դրանք հարկային եւ օրենսդրական դաշտից դուրս են, հնարավոր է ֆինանսական ոլորտում մեծ ցնցումների պատճառ դառնան: Սակայն տեսակետ կա, որ թվային փողերը կգործեն այնքան ժամանակ, ինչքան որ գոյություն ունի համացանցը:
Մարդիկ շահագրգռված են օգտագործելու, քանի որ, ի տարբերություն ազգային արժույթի, այն շեշտակի փոփոխություն է կրում, ինչի շնորհիվ հնարավոր է մեծ գումար աշխատել կամ հակառակը՝ կտրուկ սնանկանալ: Բացի այդ` ֆինանսական գաղտնի գործարքների դեպքում սա եւս հարմարավետ է. ուղարկողի եւ ստացողի անձը չի բացահայտվում:
Ֆինանսական կազմակերպությունները՝ կիրպտոարժույթների մասին
Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, ինչպես նաեւ ֆինանսական ոլորտը կարգավորող այլ հեղինակավոր կառույցներ, իրենց դիրքորոշումն արտահայտելով կրիպտոարժույթների վերաբերյալ, հանդես են եկել նախազգուշացնող մի շարք հայտարարություններով, համաձայն որոնց՝ դրանք դիտարկվում են «կրիպտոակտիվներ», քանի որ չունեն այն բոլոր հատկանիշները, որոնք թույլ կտային դասվել արժույթների շարքում եւ օգտագործվել իբրեւ վճարամիջոց:
Կրիպտոակտիվներում ներդրումների որոշ սխեմաներ համեմատվում են «ֆինանսական բուրգերի» հետ, որոնց դեպքում ներդրողների իրավունքները ոչնչով ապահովված չեն, եւ վերջիններս կարող են ամբողջությամբ կորցնել իրենց ներդրումները:
ՀՀ Կենտրոնական բանկը հետեւում է «կրիպտոակտիվների» վերաբերյալ վերոնշյալ դիրքորոշմանը, զգուշացնում է էական ռիսկերի մասին եւ հորդորում հասարակությանը, այդ թվում նաեւ՝ տնտեսվարող սուբյեկտներին, զերծ մնալ «կրիպտոակտիվների» փոխանակումից եւ (կամ) առքուվաճառքից, դրանցով վճարումների ընդունման, «կրիպտոակտիվներով» ներդրումների կամ այլ գործարքների իրականացումից: Այս ամենը չի վերաբերում «կրիպտոակտիվների» ստեղծմանը եւ արդյունահանմանը՝ «մայնինգ»-ին, որը ՀՀ Կենտրոնական բանկի կարգավորման եւ վերահսկողության լիազորություններից դուրս է ու դիտարկվում է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդյունաբերություն: