Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի Երկրագիտության եւ երկրաբանության կազմակերպման ու օգտակար հանածոների հետազոտման թանգարանի տնօրեն Բահրամ Սադեհին հայտարարել է, որ թանկարժեք քարերի համաշխարհային շուկայում Իրանի մասնաբաժինը շատ քիչ է՝ մոտ 500 միլիոն դոլար, ինչը համազոր է թանկարժեք քարերի համաշխարհային առեւտրի եկամտի 0,5 տոկոսին:
Թանկարժեք քարերի ներմուծման եւ արտահանման վիճակագրական տվյալներն, ըստ նրա, այնքան էլ թափանցիկ չեն, եւ երկրում ձեւավորված չեն այդ ոլորտի հետազոտության եւ մշակման կառուցվածքն ու կազմակերպումը: Դա է պատճառը, որ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերը հաճախ վատ վիճակում են լինում:
Թանկարժեք քարերի արտադրության ծավալն ու վաճառքի շրջանառությունը կազմում է շուրջ 1 տրիլիոն դոլար, որից 27 միլիարդ դոլարը՝ Թաիլանդի, 20 միլիարդ դոլարը՝ Հնդկաստանի եւ 12 միլիարդ դոլարը Թուրքիայի մասնաբաժինն է:
Գնահատելով Իրանում թանկարժեք քարերի վիճակը` Բահրամ Սադեհին նշել է, որ երկիրը թանկարժեք քարերի անչափ հարուստ ու բազմազան պաշար ունի: Սակայն, ըստ Սադեհիի, երկիրը թանկարժեք քարերի վերաբերյալ չունի հետեւողական ծրագիր, իսկ ծրագրերի մեծ մասը զգացմունքային ու խաչաձեւ բնույթ ունի:
«Արդյունքում փորձագիտական եւ գիտական աջակցության եւ պատասխանատու մարմինների եւ կազմակերպությունների միջեւ համաձայնեցվածության բացակայությունը բարեհաջող կերպով չի ավարտվում, եւ ծրագրերն այդպես էլ մնում են թղթի վրա»,- ընդգծել է թանգարանի տնօրենը: