Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Սասուն Միքայելյանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված հայցով որոշումը, որն առնչվում է 2008-ի դեպքերից հետո նրա դեմ հարուցված քրեական գործին։
Դատարանը համարել է, որ խախտվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածը (Հավաքների եւ միավորման ազատություն)։
Հայաստանի կառավարությունը Սասուն Միքայելյանին պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաեւ 3800 եվրո՝ ծախսերի դիմաց։
Հայցը ներկայացվել էր նաեւ Արդար դատաքննության՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ 1-ին եւ 3-րդ կետերի եւ Խտրականության արգելքի՝ 14-րդ հոդվածի խախտումների փաստով, սակայն դատարանը վճռել է դրանց չանդրադառնալ։ Հայցվոր Սասուն Միքայելյանը որպես փոխհատուցում պահանջել էր 35000 եվրո։
ԵԿՄ նախագահ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել եւ ավելի քան 3 տարի անցկացրել բանտում։ Նա համաներմամբ ազատ է արձակվել է 2011-ի մայիսին։