Սեպտեմբերի 1-2-ը Սլովենիայում կանցկացվի Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցություն, որում կքննարկվի Եվրոպական միության ավտոնոմ պաշտպանության հարցը։
«Ռազմավարական կողմնացույց» անվամբ փաստաթղթում հատուկ ուշադրություն է դարձված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին։
Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, Քաբուլի օդանավակայանի տարհանման գործողությունից հետո Եվրամիության պաշտպանության նախարարները քննարկելու են նաեւ Եվրոպական արագ արձագանքման ուժեր ստեղծելու առաջարկը։
Եվրամիության դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ աֆղանստանյան իրավիճակն ընդգծեց նման կառույցի անհրաժեշտությունը Եվրամիության համար, բայց վերջնական որոշումը պետք է ընդունեն Եվրամիության անդամ պետությունները:
Եվրոպացի պաշտոնյան շեշտել է, որ նման ստորաբաժանումը կարող է 5 հազար հոգի ներառել, իսկ արագ արձագանքման ուժերի մասին որոշումը հավանաբար կընդունվի հաջորդ տարվա մարտին։