Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի մերձակայքում կառուցվում է «պաշտպանական միասնական շտաբ», որը նույն հարկի տակ կմիավորի Ազգային պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբը, զինված ուժերի հրամանատարությունը, նավատորմի եւ ավիացիոն ուժերի հրամանատարությունները:
Շտաբը նախատեսվում է շահագործման հանձնել 2023-ին՝ Թուրքիայի հանրապետության 100-ամյակի օրը: Թուրքիայում Հանրապետության օրը նշվում է հոկտեմբերի 29-ին:
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ կառուցվող համալիրը տեղակայված կլինի 12 միլիոն 620 հազար քառակուսի մետր տարածքում: Կառույցը հայտնի է «Աստղ եւ կիսալուսին» անվամբ։
Մասնագետները նշում են, որ թուրքական ապագա «միասնական պաշտպանական շտաբը» մասամբ հիշեցնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Վաշինգտոնում՝ Պոտոմակ գետի ափին գտնվող Պենտագոնը (Pentagon լատիներեն թարգմանաբար նշանակում է «հնգանկյուն»)։