Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել ազգային փոքրամասնություններին, այդ թվում նաեւ հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։
Հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013-ի հունվարի 19-ին ազգային փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքները փաստացի ի վիճակի չեն լինում ընտրություններ կազմակերպելու։ Վերջին ութ տարիների ընթացքում Թուրքիայի իշխանությունները պարբերաբար խոստացել են լուծում գտնել, բայց այդպես էլ որեւէ քայլ չեն ձեռնարկել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 2-ին հայտարարել էր, թե Հիմնադրամների կանոնակարգը վերանայվում է՝ ազգային փոքրամասնություններին հիմնադրամների ղեկավարների ընտրությունների հնարավորություն ընձեռելու նպատակով։ Սակայն մինչեւ օրս որեւէ արդյունք չկա։
Հայկական համայնքի որոշ հիմնադրամներ օրերս դիմել են Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչություն՝ հոկտեմբերի 3-ին հիմնադրամների ղեկավարների ընտրություն կազմակերպելու թույլտվության խնդրանքով։ Սակայն վարչությունից պատասխանել են, որ 2019-ի մի շրջաբերականի համաձայն՝ մահացած կամ պաշտոնից հրաժարված ղեկավարների փոխարեն համայնքային հիմնադրամների նոր ղեկավարները նշանակվում են, այլ ոչ թե ընտրվում։
Այս առնչությամբ Կարո Փայլանը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային հարցրել է՝ ինչո՞ւ են ութ տարի շարունակ, հակառակ բազմաթիվ խոստումների, խոչընդոտվում ազգային փոքրամասնությունների համայնքների ընտրությունները, եւ ի վերջո ե՞րբ են դրանք անցկացվելու: