Եթե նախկին Ազգային ժողովները գնահատելիս, համատարած ընտրակաշառքները եւ ընտրախախտումները հիշատակելով, հեշտությամբ կարողանում էինք դրանցից տարանջատվել, ցույց տալ, որ մենք՝ մեր պարտականություններն ու մեր իրավունքները գիտակցող քաղաքացիներս, կապ չունենք այդ խորհրդարանների հետ, որ դրանք ձեւավորվել են ոչ մեր կամքով ու քվեով, ապա այս Ազգային ժողովի դեպքում նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող։ Այս Ազգային ժողովը ձեւավորել է մեր ընտրողը։ Նախընտրական պայքարի մեջ ներգրավված բոլոր ուժերից հենց այս երկուսին է մեր ընտրողը գերադասել։
Երկրի առջեւ ծառացած այս մարտահրավերների պարագայում, պատերազմի ու պարտության բերած աղետն աչքի առաջ ունենալով, ընտրողն ընտրեց ոչ թե կազմակերպությունների, որոնք կարող էին ծրագիր առաջարկել, կարող էին լուծումներ գտնել եւ փորձել կասեցնել մեր այս անկումը, այլ ընտրեց ծրագիր չունեցող, իրար հակամարտ, ատելությամբ առաջնորդվող այս երկու ուժերին։ Դեր չխաղաց անգամ այն հանգամանքը, որ հենց սրանք են, իրար փոխլրացնելով ու իրար շարունակելով, մեզ այս աղետին հասցրել։
Ի՞նչ ցանկություններով եւ ի՞նչ մղումներով է առաջնորդվել ընտրողը։ Խորամուխ եղե՞լ է, թե ինչ է իրեն պետք։ Հետաքրքրո՞ւմ է նրան մեր պետության այսօրն ու ապագան։ Պատերազմը, խաղաղությունը, երկրի սահմաններն արդյո՞ք արժեք են նրա համար։ Իսկ գուցե բոլորովին էլ արժեք չե՞ն, եւ մեր ընտրողը միայն ու միայն իր հույզերով ու իր տագնապներով է առաջնորդվում եւ այլ հետաքրքրություններ չունի՞։
Քոչարյանի կանչով հրապարակ դուրս եկած ընտրողը նրանից պահանջում էր գալ իշխանության ու պատժել բոլոր նրանց ովքեր, ըստ իրենց, դավաճան են ու կապիտուլյանտ։ Նույն ընթացքում Փաշինյանի հանրահավաքներին գնացած ընտրողը պահանջում էր «վերջ տալ թավիշին», դատել եւ ունեզրկել բոլոր նախկիններին, որ գողեր են ու հափշտակիչներ։
Ողջ նախընտրական փուլը հագեցած էր ատելության ու թշնամանքի խոսքով։ Ընտրողը պատժվածների հոծ բանակ էր ցանկանում տեսնել, իսկ թեկնածուներն, իրար հերթ չտալով, իրար գերազանցելով, խոստանում էին գալ ու այդ պատիժն ամենայն դաժանությամբ իրականացնել։ Երկիրն այս փակուղուց դուրս բերելու, պարտությունը հասկանալու, պարտության ծանրությունը մեղմելու, ոտքի կանգնելու ու ամրապնդվելու մասին խոսք չկար։
Արդյունքում պետք է հենց այսպիսի խորհրդարան ձեւավորվեր։ Խորհրդարան, որտեղ երկրի ապագայի նկատմամբ անտարբեր քաղաքական կոչվող ուժեր են ու պատգամավորներ։ Որոնք չգիտեն պետության հարգը։ Չեն գիտակցում՝ ինչ է խորհրդարանը։ Որոնց համար երկրի հեղինակությունն իրենց այսրոպեական ու չնչինագույն շահերի համեմատ անարժեք մի բան է։ Իրար նկատմամբ թշնամաբար տրամադրված այս երկու ուժերը միակերպ են պատկերացնում աշխարհը, պետությունը, քաղաքական պայքարը։ Միակերպ են պատկերացնում մարդկային փոխհարաբերությունները եւ ինքնահաստատվում են իրար հաշվին։ Իրար շնորհիվ է, որ պառլամենտում են։
Բոլորովին էլ անտրամաբանական ու պատահական չեն խորհրդարանում ընթացող ձեռնամարտերը, հայհոյանքները, փողոցային վարք ու բարքը։ Այս մարդկանց պարագայում այլ կերպ լինել չի կարող։ Նրանք չեն կեղծում։ Սա է նրանց բնույթը։ Նրանք հավատարիմ են իրենք իրենց ու իրենց նախընտրական խոստումներին։ Մի դեպքում դավաճան ու կապիտուլյանտ են մատնանշում, մյուս դեպքում, իրենց թվաշատությունը նաեւ օգտագործելով, ծեծում են, ծեփում են ու փռում։
Այս խորհրդարանը համարժեք է ընտրությանը մասնակցած ընտրողների մեծամասնության եւ ընտրված երկու ուժերի ցանկություններին ու իղձերին։ Այն, իհարկե, չի արտահայտում երկրում առկա քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը։ Այլ իրավիճակում եւ այլ մթնոլորտում իրականացված ընտրություններն, անկասկած, այլ արդյունք կարձանագրեին, բայց համատարած ամբոխավարության ու ամբոխահաճության մթնոլորտում սա՛ պետք է լիներ եւ սա՛ է։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։