1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը նախկին ԼՂԻՄ-ի տարածքում եւ հարակից Շահումյանի շրջանում՝ ավելի քան հինգ հազար քառակուսի կիլոմետրի վրա, հռչակեց իր անկախությունը: 30 տարի է անցել, սակայն որեւէ պետություն, այդ թվում Հայաստանը, պաշտոնապես չի ճանաչել հայկական երկրորդ պետության անկախությունը, իսկ Արցախից մնացել է շուրջ երեք հազար քառակուսի կիլոմետր:
Այսօր Արցախն իր անկախությունը նշում է առանց Հադրութի շրջանի, Շուշի քաղաքի եւ համանուն շրջանի մի մասի: 44-օրյա պատերազմում հայկական կողմը տարածքներ է կորցրել նաեւ Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններից: 1991-ի այս օրը հայկական կողմի վերահսկողության տակ չէր Շուշի քաղաքը (որտեղից հայերը հեռացել էին 1988-ի սեպտեմբերին) եւ ադրբեջանցիներով բնակեցված մյուս բնակավայրերը, ինչպես նաեւ մի շարք գյուղեր Հադրութի շրջանից:
Մեկ տարի անց՝ 1992-ին, Արցախն իր անկախության հռչակման առաջին տարին նշում էր առանց Շահումյանի եւ Մարտակերտի շրջանի մեծ մասի, սակայն Շուշին արդեն ազատագրվել էր, եւ բացվել էր Լաչինի մարդասիրական միջանցքը: Ադրբեջանցիները գրավել էին նախկին ԼՂԻՄ-ի տարածքի շուրջ 30 տոկոսը: 1992-ի հունիս-հոկտեմբերը ամենածանր շրջանն էր պատերազմի ողջ ընթացքում: Ադրբեջանական կողմը շատ մոտ էր Լաչինի միջանցքի փակելուն:
1993-ի գարնանը պատերազմի ընթացքը փոխվեց արմատապես: Անկախության երկրորդ տարին Արցախը նշեց նախկին ԼՂԻՄ-ի ամբողջ տարածքի վրա: Ավելին՝ հայկական ուժերը վերահսկողության տակ էին վերցրել Քարվաճառի եւ Լաչինի, ինչպես նաեւ մասնակիորեն Աղդամի եւ Ֆիզուլու շրջանները:
Անկախության երրորդ տարում՝ 1994-ին, Արցախը Հայաստանի մասնակցությամբ եւ Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ ստորագրել էր անժամկետ զինադադար եւ վերահսկողության տակ էր պահում ԼՂԻՄ-ն ամբողջությամբ (բացառությամբ Մարտակերտի հյուսիսարեւելյան մի քանի գյուղերի եւ Մարտունու շրջանի մի հողաշերտի), ինչպես նաեւ Խորհրդային Ադրբեջանի 5 շրջաններ ամբողջությամբ (Քելբաջար, Լաչին, Ղուբաթլու, Ջեբրայիլ, Զանգելան), 2-ը՝ մասնակիորեն՝ Աղդամ եւ Ֆիզուլի:
1991-1998 թվականներին Հայաստանի նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր:
Այդ ստատուս-քվոն պահպանվեց շուրջ 22 տարի՝ մինչեւ 2016-ի ապրիլ: Ստատուս-քվոյի գինը շուրջ 3000 զոհերն էին, որ մենք տալիս էինք շփման գծում եւ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների երկայնքով, Արցախի եւ Հայաստանի տնտեսական շրջափակումը եւ տարածաշրջանային մեկուսացումը: Հայաստանի եւ Արցախի թշվառ վիճակը, արտագաղթը եւս մասամբ պայմանավորված էին չկարգավորված հակամարտությամբ:
1998-2008 թվականներին Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր:
2016-ի սեպտեմբերի 2-ին Արցախն իր անկախությունը 1994-ից ի վեր առաջին անգամ նշեց տարածքային աննշան կորստով: Ապրիլյան քառօրյայի ընթացքում հայկական կողմը կորցրեց երկու փոքր հողաշերտեր Արաքսի հովտում եւ Թալիշում՝ շուրջ 800 հեկտար տարածք:
2008-2018 թվականներին Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր:
Այսօր՝ Արցախի անկախության հռչակման 30-րդ տարում, հայկական կողմը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ նոյեմբերի 10-ին ստորագրած փաստաթղթով կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների շուրջ 75 տոկոսը:
2018 թվականից ի վեր Հայաստանի ղեկավարը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակումը տեղի ունեցավ Խորհրդային Միության փլուզման, միութենական հանրապետությունների եւ մարզերի անկախության ձգտումների եւ արագ զարգացող այլ իրադարձությունների արդյունքում: 1989-ի դեկտեմբերի 1-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ազգային խորհուրդը համատեղ նիստում ընդունել էին միավորման որոշում, ինչը, սակայն, կյանքի չէր կոչվում ինչպես Բաքվի, այնպես էլ կենտրոնի՝ Կրեմլի ընդդիմության պատճառով:
1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանն ընդունել էր Անկախության հռչակագիր եւ ձեռնամուխ էր եղել Խորհրդային Միությունից դուրս գալու օրինական, իրավական գործընթացին, մինչդեռ Ադրբեջանը մտադիր էր մնալ Խորհրդային Միության կազմում: Երբ Գորբաչովը 1991-ի մարտին կազմակերպեց Խորհրդային Միության պահպանման հանրաքվե, Ադրբեջանը խորհրդային ութ այլ հանրապետությունների հետ մասնակցեց քվեարկությանը եւ կողմ արտահայտվեց Խորհրդային Միության հետագա գոյությանը: Հայաստանը, ինչպես նաեւ Վրաստանը, Մոլդովան ու Բալթյան երեք հանրապետությունները՝ Լիտվա, Էստոնիա, Լատվիա, չմասնակցեցին հանրաքվեին: Հայաստանը հայտարարեց, որ ընտրել է անկախության ուղին, իսկ նույն տարվա աշնանը՝ սեպտեմբերի 21-ին, կանցկացնի անկախության ի՛ր հանրաքվեն:
Գորբաչովը շնորհակալություն հայտնեց Մութալիբովին եւ ադրբեջանցի ժողովրդին, քանի որ Ադրբեջանը մասնակցել եւ կողմ էր քվեարկել Խորհրդային Միության պահպանմանը: Արդեն ապրիլ-մայիսին Բաքուն Կրեմլի աջակցությամբ իրականացրեց Օղակ գործողությունը՝ դեպորտացիայի ենթարկելով Արցախի 24 գյուղերի բնակչությանը: Դա խորհրդային բանակի վերջին ռազմական գործողությունն էր:
Արցախում եւ Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի եւ անորոշության մթնոլորտ: Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերնախավը Մոսկվայի ու Բաքվի հետ լեզու գտնելու ուղիներ էր փնտրում, որպեսզի Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ էթնիկ զտումների եւ արտաքսման քաղաքականությանը վերջ դրվի:
Ահա այս պայմաններում Մոսկվան եւ Բաքուն Արցախի ղեկավարությանը եւ ժողովրդին առաջարկում են հետ կանգնել Հայաստանի հետ միացման մտադրություններից եւ մասնակցել սեպտեմբերին սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրություններին: 1991-ի հուլիսի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունենում մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում է Արցախի՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու առաջարկությունը: Մարզխորհուրդը, որը ղեկավարում էր Լեոնարդ Պետրոսյանը (սպանվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության հետևանքով), մերժում է ընտրություններին մասնակցելու կոչը, բայց ընդունում է մյուս առաջարկը՝ մեկնել Բաքու եւ Մոսկվա, բանակցել Ադրբեջանի եւ Խորհրդային Միության ղեկավարության հետ:
Հուլիսի 20-ին արցախյան վեցհոգանոց պատվիրակությունը, որը գլխավորում էր Լեոնարդ Պետրոսյանը, Ստեփանակերտից մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ: Բաքու մեկնած պատվիրակության անդամներից մեկը՝ Վալերի Գրիգորյանը, երեք շաբաթ անց սպանվեց Ստեփանակերտի կենտրոնում, օրը ցերեկով, հայի կողմից արձակված կրակահերթից: Բաքու մեկնած պատվիրակության մյուս անդամները եւս, այդ թվում՝ Լեոնարդ Պետրոսյանը, մեղադրվում էին Արցախի հարցում միակողմանի զիջումների գնալու, անգամ դավաճանության մեջ:
Իսկ Ադրբեջանը եւ նրա ղեկավար Մութալիբովը ցնծության մեջ էին: Նրանց թվում էր, որ հայերը պատրաստվում են հրաժարվելու Արցախի եւ Հայաստանի միացման գաղափարից: Բայց 1991-ի օգոստոսի 19-ին տեղի ունեցավ Մոսկվայի հեղաշրջումը, որն ամբողջովին փոխեց իրադարձությունների հետագա ընթացքը:
Երկու օր անց ձախողվեց հեղաշրջման փորձը Մոսկվայում, եւ Խորհրդային Միության փլուզման գործընթացն ավելի արագացավ: Մեկը մյուսի հետեւից իրենց անկախությունը հռչակեցին խորհրդային հանրապետությունները: Օգոստոսի 30-ին, երբ Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը, Արցախին այլ բան չէր մնում, քան նույնպես հռչակել ի՛ր անկախությունը:
1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:
Ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ անկախության հանրաքվե:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։