ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նորանշանակ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։
Արտգործնախարարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ եւ բազմակողմ հարթակներում երկու երկրների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությանը։ Առանձնակիորեն ընդգծվել են տնտեսական ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ։
Ընդգծվել է նաեւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին բազմակողմ hամաձայնագրի ստորագրման եւ արդյունավետ կիրարկման կարեւորությունը։
Արարատ Միրզոյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով նմանօրինակ գործելաոճի անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը: