Վլադիվոստոկում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ։
Երկու երկրների գլխավոր դատախազներն այս տարվա մեջ 5-րդ հանդիպման ընթացքում քննարկել են իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության ընթացքին եւ արդյունքներին: Կողմերը շոշափել են նաեւ քրեական գործերով իրավական փոխօգնության շրջանակում հաղորդակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հանդիպման օրակարգային հարցերից է եղել նախորդ տարվա Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման հիմնախնդիրը, այդ համատեքստում բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման վիճակը։
Արթուր Դավթյանը ռուսական կողմին երախտագիտություն է հայտնել Արցախի անվտանգության ապահովման խաղաղապահ առաքելության, ՀՀ-ի սահմանների առավել զգայուն հատվածների, հաղորդակցային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու հարցում ներդրած ջանքերի համար:
Դավթյանն իր ռուս գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից արհեստածին, սուբյեկտիվ առիթներով ՀՀ բնակավայրերի հաղորդակցության ուղիներն արգելափակելու, իրադրությունն ապակայունացնող այլ գործողությունների վրա՝ առաջարկելով նման միջադեպերի բացառման նպատակով իրավական օպերատիվ մեխանիզմներ մշակելուն ուղղված քայլեր։
Զրուցակիցները քննարկել են նաեւ 2020-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից բխող՝ Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների, քաղաքացիական եւ այլ անձանց վերադարձման վերաբերյալ պահանջների կատարման անհրաժեշտության հարցը։