ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողների հետ հանդիպմանը, պատասխանելով Վրաստանի հետ հարաբերությունների մասին հարցին, հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը հարաբերություններ չունեն, ունեն փոխադարձ հետաքրքրություններ:
Փոխադարձ հետաքրքրությունների շարքում Լավրովը նշել է առեւտուրը` հիշեցնելով, որ Ռուսաստանն այս բնագավառում Վրաստանում առաջատարն է, ինչպես նաեւ զբոսաշրջությունը։
«Մեր հայրենակիցները սիրում են այցելել Վրաստան։ Ես ինքս էլ շատ սիրում եմ այդ երկիրը։ Բայց ինչ վերաբերում է պաշտոնական, միջպետական, դիվանագիտական հարաբերություններին, այդպիսիք չկան։ Դրանք, ըստ էության, խզված են վրացական կողմի նախաձեռնությամբ»,- ասել է Լավրովը` հավելելով, որ ռուսական կողմը մի քանի անգամ փորձել է վերականգնել հարաբերությունները, բայց առայժմ անարդյունք։
ՌԴ արտգործնախարարն ասել է, որ 1,5 տարի առաջ ռուսական կողմը նույնիսկ պատրաստ է եղել Վրաստան այցելող ՌԴ քաղաքացիների համար անանցագրային ռեժիմ սահմանելու։ Սակայն, ըստ Լավրովի, Վրաստանում բավական տհաճ միջադեպ էր տեղի ունեցել` կոպիտ սադրանք Թբիլիսի՝ ուղղափառության միջազգային համաժողովին մասնակցելու ժամանած ՌԴ խորհրդարանական պատվիրակության նկատմամբ:
Լավրովը պատմել է, որ համաժողովի նախագահ ՌԴ պատգամավորին վրացական խորհրդարանի դահլիճում խորհրդարանի նախագահի աթոռին հենց տանտերերն էին նստեցրել։ Այնուհետեւ դահլիճ էին մտել բանսարկուների խմբեր`պահանջելով չմիջամտել Վրաստանի ներքին գործերին, դադարեցնել վրացական խորհրդարանի բռնազավթումը:
Սերգեյ Լավրովը հավելել է, որ միջադեպն ավարտվել էր ձեռնամարտով, որից հետո վրացական կողմն անգամ ներողություն չէր խնդրել։ Դրանից հետո, ըստ Լավրովի, Ռուսաստանը որոշում էր ընդունել հետաձգելու ոչ միայն անարտոնագիր ռեժիմի հաստատումը, այլեւ օդային փոխադրումների վերականգնումը։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ եթե Վրաստանը չի խաղարկում ռուսական խաղաքարտը` Արեւմուտքի հովանավորչությունը պահպանելու մտադրությամբ, այլ իսկապես ցանկանում է ՌԴ-ի հետ` որպես իր հարեւանի, նորմալ ապրել, իրենք պատրաստ են դրան ամեն վայրկյան:
Հիշեցնենք՝ Թբիլիսիում 2019-ի հունիսին հակառուսական բողոքի ակցիաներից հետո ՌԴ նախագահի հրամանագրով հուլիսի 8-ից Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ ավիաչվերթներն արգելվել են:
Վրաստանը 2008-ից խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբ Մոսկվան ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։
Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո 2009-ի մարտից Թբիլիսիում տեղակայված Շվեյցարիայի դեսպանատանը գործում է ՌԴ շահերի բաժին, որտեղ աշխատում են ռուս դիվանագետներ եւ տեխնիկական անձնակազմ։ Վրացական շահերի բաժինը նույն սկզբունքով գործում է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը։