Ուկրաինական «Укрспецэкспорт» ռազմարդյունաբերական ընկերությունը թուրքական ASELSAN ռազմարդյունաբերական ընկերության հետ պայմանագիր է կնքել՝ ուկրաինական բանակի առանձին ՀՕՊ համակարգերի արդիականացման եւ դրանք՝ ASELSAN-ի միասնական վերահսկման համակարգի (Command&Control) մեջ ինտեգրելու վերաբերյալ։
Ուկրաինական կողմն այս պայմանագիրը դիտարկում է իբրեւ Կիեւի եւ Նակարայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության խորացման հերթական քայլերից մեկը՝ նպատակ ունենալով բարձրացնելու ուկրաինական ՀՕՊ համակարգերի տեխնիկական հնարավորությունները։
Միաժամանակ Թուրքիան մտադիր է Ուկրաինային առաջարկել ASELSAN եւ FNSS ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրության Korkut փոքր հեռահարության ինքնագնաց զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։
Նաեւ ուղղաթիռների սպասարկման կենտրոն
Ըստ Defense News-ի՝ Անկարան եւ Կիեւը միաժամանակ նոր համագործակցության շրջանակում մտադիր են Թուրքիայում ստեղծել Մի-8/17 ընտանիքի ուղղաթիռների սպասարկման կենտրոն։
Այս տարվա օգոստոսի սկզբին Թուրքիայի ավիացիոն ասոցիացիան (Turkish Aeronautical Association) եւ Укрспецэкспорт-ը կնքել են պայմանագիր, որի համաձայն՝ ծրագրում են նախնական փուլում Թուրքիայի տարածքում վերանորոգել թուրքական ժանդարմերիայի 18 «Մի-17» ուղղաթիռ: Աշխատանքներն իրականացնելու համար Անկարայում նոր վերանորոգման եւ սպասարկման բազա է կառուցվելու։
Կզարգացնի պահեստամասերի սեփական արտադրությունը
Պայմանագրի համաձայն՝ ուկրաինական «Мотор-Сич» ձեռնարկությունն արտադրելու է պահեստամասեր եւ իրականացնելու է շարժիչների փորձարկումը: Ընդ որում՝ թուրքական կողմը վերանորոգման աշխատանքներում աստիճանաբար փորձելու է ավելացնել իր մասնաբաժինը, քանի որ ծրագրում է զարգացնել պահեստամասերի սեփական արտադրությունը։
Թուրքիայի ավիացիոն ասոցիացիայում հույս ունեն դուրս գալ միջազգային շուկա եւ Մերձավոր Արեւելքում ու Ասիայում շահել օգտագործվող մոտ 1500 Mi-17 ուղղաթիռների սպասարկման պատվերները:
Ենթադրվում է, որ Լիբիան, Պակիստանը եւ Ադրբեջանը կլինեն հիմնական պատվիրատուները: Սա ուկրաինական ընկերությունների թուրքական ավիացիայի զարգացման գործում միակ նախագիծը չէ: Թուրքիան ցանկանում է նաեւ ուկրաինական շարժիչներ տեղադրել իր հարվածային ուղղաթիռների ու «Բայրաքթար» ԱԹՍ-ների վրա: