Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը Twitter-ի էջում հայտնել է, որ Փանջշերի հարթավայրի համար մարտերի չորս օրվա ընթացքում «Թալիբան» շարժման 350 զինյալ է զոհվել, 287 զինյալ վիրավորվել է, 35-ը՝ ձերբակալվել:
Անհնազանդ նահանգի վրա, որն Աֆղանստանի՝ թալիբների կողմից չվերահսկվող միակ նահանգն է, թալիբները որոշել են գրոհել երկու հիմնական ուղղություններով՝ Բաղլանի նահանգի Անդարաբ հարթավայրի եւ Փարվանի նահանգի Գուլբախոր քաղաքի կողմից:
Նախօրեին թալիբների ղեկավարության ներկայացուցիչ Ամիր Խան Մոթաքին զինյալների կողմից չվերահսկվող միակ նահանգի ղեկավարության հետ բանակցությունները համարել է անարդյունավետ եւ խոստացել, որ Փանջշերը կվերցվի ուժով:
Իրենց նպատակին հասնելու համար թալիբներն այդ շրջանում զինյալներ են կենտրոնացրել հյուսիսարեւելյան չորս նահանգներից՝ Բադախշանից, Թահարից, Կունդուզից եւ Բաղլանից: Բացի դրանից` հարթավայրի վրա հարձակվելու համար թալիբների ջոկատներ են ուղարկվել Քաբուլից: