Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանում սեփական արտադրության ինքնաթիռների համար չքրտնող նանոապակի է մշակվել ու թողարկվել:
Մասնագետների պնդմամբ՝ ապակին ինքնաթիռի ամենախոցելի մասն է: Ավիացիոն գործարանները մշտապես կատարելագործում են ապակիների պատրաստման տեխնոլոգիաները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով անվտանգության տեխնիկային: Կոմերցիոն ինքնաթիռների գլխացավանքներից մեկը մարդատար ինքնաթիռների սրահի եւ օդաչուական խցիկի ապակիներն են: Բարդ կառուցվածքի պատճառով այդ ապակին արտադրվում է միայն աշխարհի հինգ երկրներում:
Ներկայում որոշակի նանոբաղադրիչների ծածկույթի կիրառմամբ կարելի է կանխել օդաչուական խցիկի ապակու վրա գոլորշու առաջացումը: Ընդ որում՝ նման ծածկույթները բացասաբար չեն անդրադառնում դիմապակուց թափանցող կամ ցրվող լույսի քանակի վրա:
Իրանական Karun, Aseman, Iran Air, Qeshm, Waresh եւ Pouya ավիաընկերություններն արդեն սկսել են օգտագործել հայրենական ինովացիոն արտադրության ապակին: