Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փնովել է երկրի ազգային եւ երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստներին ու քննադատել նրանց խաղը։ Ըստ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բելառուսի հավաքականների ցուցադրած ֆուտբոլն անընդունելի է։
Բելառուսի ազգային հավաքականը հինգշաբթի աշխարհի առաջնության ընտրական խաղում 0։1 հաշվով պարտվել է Չեխիայի հավաքականին, իսկ երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում սեփական դաշտում 1։2 հաշվով տանուլ էր տվել Իսլանդիայի հավաքականին։
«Ես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին հարց եմ տվել՝ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներին երեկ ինչու են թույլ տվել մտնել խաղադաշտ։ Նրանք խաղալու ցանկություն էլ չունեին։ Ես ամաչում եմ նրանց ցույց տված ֆուտբոլից, հատկապես իսլանդացիների համեմատ խաղից»,- եզրափակել է Բելառուսի նախագահը։
Ի դեպ, Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես է գալիս հենց այն խմբում, որտեղ ընդգրկված է Բելառուսի երիտասարդական հավաքականը։