Ուկրաինայի չվերահսկվող տարածքների ապաինտեգրման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Ռեզնիկովը Liga գործակալությանը տված իր հարցազրույցում այն տեսակետն է հայտնել, որ Կիեւն ի վիճակի չէ Ղրիմը հետ բերելու ռազմական ճանապարհով:
«Ներկայիս ռազմավարությունը քաղաքական-դիվանագիտական ճանապարհն է: Այդ ճանապարհին կարելի է դասել ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հզոր իրավաբանական ճակատն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- նշել է Ռեզնիկովը:
Նա նաեւ այն տեսակետն է արտահայտել, որ Ղրիմի ապաբռնակցումը արագ է ընթանալու եւ ընթանալու է ՌԴ ղեկավարության համաձայնությամբ:
«Վստա՛հ եղեք: Նրանք պարզապես այլ տարբերակ չեն ունենա»,- շեշտել է Ուկրաինայի փոխվարչապետը:
Ռեզնիկովն այդ իրավիճակը կապում է այն հանգամանքի հետ, որ Եվրոպան մտադիր է մինչեւ 2030 թվականը հրաժարվել տնտեսության մեջ բենզինով աշխատող շարժիչներից: Դա իր հերթին կանդրադառնա նավթից ստացվող Ռուսաստանի եկամուտների վրա:
Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է նաեւ, որ անհրաժեշտ է սահմանել Ղրիմի բռնակցումից հետո Ուկրաինայի կրած վնասի չափը:
«Վեջնական թվերը ոչ ոք չի հրապարակի: Դրա համար անհրաժեշտ է լիարժեք աուդիտ եւ Ղրիմում մեր ներկայությունը: Դա հնարավոր կլինի անել արդեն ապաբռնակցումից հետո: Միայն արժեթղթերի մասով Ուկրաինայի կորուստը կազմում է շուրջ 135 միլիարդ դոլար: Մի տեսակ զգացողություն կա, որ վնասը առնվազն երկու անգամ շատ է»,- ընդգծել է Ռեզնիկովը:
Զելենսկու ուկրաինական երազանքը
Ավելի վաղ ԱՄՆ-ում պաշտոնական այցով շրջագայող Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Սթենֆորդի համալսարանի ուսանողներին նկարագրելով Ուկրաինայի ապագան, ասել էր, որ այն ի վերջո դառնալու է բարեհաջող եւ ուժեղ, Եվրոպայի առաջնորդ երկիր: Զելենսկին վստահություն է հայտնել, որ ամեն ինչ հնարավոր է:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ինքն «ուկրաինական երազանք» ունի: Այդ երազանքին Զելենսկին դասել է համատարած թվայնացումը, ինչպես նաեւ Ղրիմի եւ Դոնբասի վերադարձը:
Ուկրաինայում որդեգրված թվայնացման քաղաքականության համատեքստում Զելենսկին հիշեցրել է, որ մոտակա ժամանակներս երկրում բոլոր պետական ծառայությունները 100%-ով առցանց եղանակով են իրականացվելու:
Նա նաեւ նշել է, որ երազում է ներդնել ընտրություններում էլեկտրոնային քվեարկության համակարգը: