ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջարկներ է ուղարկել Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողով եւ պաշտպանության նախարարություն, որպեսզի զորակոչիկի մեկից ավելի հիվանդությունները գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ։
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ օրենքի պատճառով զորակոչիկի մի քանի հիվանդությունները բժշկական հանձնաժողովը դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն առողջության վրա: Արդյունքում զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով:
«Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ եթե զորակոչիկն ունի հինգ եւ ավելի հիվանդություն (ծառայության համար սահմանափակում նախատեսող), ապա զինծառայությունից ստանում է տարկետում: Փաստորեն, գործող կարգավորումները նախատեսում են հիվանդությունների «քանակական փունջ, մինչդեռ կարեւոր է, որ լինի նաեւ հիվանդությունների «որակական փունջ»»,- ասել է Թաթոյանը։
Նա շեշտել է, որ հիվանդությունների «որակական փունջ» սահմանված չլինելը բերում է մի վիճակի, որ անձը զորակոչվում է զինվորական ծառայության։ Սակայն զորակոչվելու դեպքում հնարավոր է` զինապարտի փաստացի առողջական վիճակը թույլ չտա լիարժեք կերպով կատարել զինվորական պարտականությունները, եւ նույնիսկ մեծ հավանականություն կա, որ ծառայության ընթացքում ավելի կխորանան հիվանդությունները, կամ նույնիսկ անձը ձեռք կբերի հաշմանդամություն։
«Կարեւոր է ի սկզբանե ծառայության զորակոչել առողջ քաղաքացիների, իսկ որոշակի առողջական խնդիրների առկայության դեպքում հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դրանք լինեն համատեղելի ծառայության հետ եւ զինծառայողների համար չդառնան անհամաչափ բեռ»,- ընդգծել է Թաթոյանը:
ՀՀ Կառավարության 2018 թվականի ապրիլի 8-ի թիվ 405-ն որոշման համաձայն՝ այն զորակոչիկները, որոնք հայտարարված զորակոչի ընթացքում հետազոտությունների արդյունքում ճանաչվում են պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով հինգ եւ ավելի տարբեր հիվանդություններով («քանակական փունջ»), ճանաչվում են բուժման կարիք ունեցող, եւ նրանց տրվում է տարկետում մինչեւ մեկ տարի ժամկետով` բուժման նպատակով:
Մինչդեռ որոշմամբ սահմանված չէ զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն այն դեպքերի համար, երբ, օրինակ, հինգերորդ հիվանդությունն անձը ձեռք է բերում ծառայության ընթացքում: Այսինքն` նույն առողջական վիճակն ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է, իսկ այն պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնց առողջական վիճակը վատթարանում է ծառայության ընթացքում, շարունակում են ծառայել:
ՀՀ ՄԻՊ-ը պնդել է՝ անհրաժեշտ է նախատեսել, որ զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումն առնվազն հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար:
Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողովի հանձնաժողովներ եւ խմբակցություններ, ինչպես նաեւ պաշտպանության եւ արդարադատության նախարարություններ: