Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այսպիսով` Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ՊԲ ստորաբաժանումների կողմից Շուշիի ուղղությամբ կրակելու մասին:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում նշված է, որ ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մշտադիտարկում եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու եւ Մարտակերտի շրջաններում։
Տեղեկագրում նշվել է, որ խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վեց շարասյուներ. չորս շարասյուն՝ Լաչինով՝ հյուսիսային եւ հարավային ուղղություններով, մեկ շարասյուն՝ Շուշի-Կարմիր Շուկա-Ջիվանի եւ մեկ շարասյուն ՝ հակառակ ուղղությամբ:
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության` ռուսական խաղաղապահ զորախմբի ականազերծման թիմերը շարունակում են ականազերծել օբյեկտներն ու տեղանքը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ 01:00-02:15-ն ընկած ժամանակահատվածում, հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը եւ պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ադրբեջանի կողմից տարածած ապատեղեկատվության մասին` նշելով, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար: