ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։
Բլինքենը նշել է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին աջակցելու երկարամյա հանձնառություն ունի եւ հանձին Միրզոյանի՝ ակնկալում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված համագործակցություն առավել ամուր երկկողմ կապերի ձեւավորման ուղղությամբ։
Պետքարտուղարը հավելել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը վերահաստատում է Հայաստանի հետ աշխատելու՝ ԼՂ հակամարտության համապարփակ եւ տեւական քաղաքական կարգավորմանն աջակցելու հանձնառությունը։
«Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։
Բլինքենն ընդգծել է նաեւ, որ ՀՀ Կառավարությունը, իբրեւ օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում Միացյալ Նահանգների գործընկեր, պետք է իրականացնի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը։
«Երեւանում ԱՄՆ դեսպանության թիմը պատրաստ է աջակցելու Ձեզ եւ Ձեր կառավարությանը մեր երկու երկրների միջեւ ամուր կապերի պահպանման գործում: Միասին ընդունակ ենք առաջ մղելու Հայաստանի ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ եւ բարեկեցիկ ապագայի մեր միասնական շահերը»,- շեշտել է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: