Ըստ սերբական Аlsat գործակալության՝ Սերբիայում ձերբակալել են Հայաստանի կողմից միջազգային հետախուզում հայտարարված մակեդոնացի դիվանագետի՝ Սերբիայում Հյուսիսային Մակեդոնիայի փոխդեսպան Միլե Միլենկոսկուն։
Ձերբակալության փաստը հաստատել է նաեւ Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն` նշելով, որ Միլենկոսկին ձերբակալվել է Սերբիայից դեպի Հյուսիսային Մակեդոնիա սահմանային անցակետը հատելու պահին։
Միլենկոսկին ձերբակալվել է 2018-ին հայաստանցի նախկին պաշտոնյայի Հայաստանից փախուստը կազմակերպելու կասկածանքով։ Միլենկոսկու եւ մակեդոնացի երկու այլ դիվանագետների օգնությամբ պաշտոնյան, որի անունը չի բացահայտվում, մասնավոր ինքնաթիռով ու դիվանագիտական ուղիներով կարողացել է լքել Հայաստանը:
Սերբիայի ԱԳՆ-ն դիվանագետի ձերբակալության մասին պաշտոնապես տեղեկացրել է Բելգրադում Մակեդոնիայի դեսպանատանը:
«Սերբիայի իրավասու դատարանն արտահանձնման նպատակով ձերբակալման որոշում է ընդունել`միջազգային ձերբակալության օրդերի հիման վրա եւ արտասահմանյան մասնավոր ուղեւորության ընթացքում կատարած հանցագործության մեղադրանքի հիմքով», — հայտարարել է Սերբիայի ԱԳՆ -ն:
Նույն աղբյուրի հավաստմամբ` Հայաստանից ճողոպրած հայ պաշտոնյան իր հայրենիքում մեղադրվում է խոշոր չափերի հափշտակության մեջ։
Ըստ Սերբիայի ԱԳՆ-ի` ձերբակալված դիվանագետի հետ աշխատանքային հարաբերությունները սառեցվել են մինչեւ գործի պարզաբանումը: