ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Արարատ Միրզոյանին շնորհավորելով ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին փուլ անցնող հայ ժողովրդին: Նա նշել է, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հաստատված են պատմական, մշակութային խոր առնչությունների վրա հիմնված եւ հագեցած օրակարգ ունեցող առանձնաշնորհյալ հարաբերություններ:
«Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել մեր տնտեսական համագործակցությունն ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը եւ բազմազանեցմանը»,- շեշտել է նախարարը:
Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել է, որ Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում եւ որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:
«Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման եւ սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որ ռազմագերիների եւ ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջեւ վստահության վերականգնմանը»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նա ընդգծել է, որ Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես խաղաղության դերակատար եւ Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ եւ սպասված խաղաղությանը հասնելու համար: