Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Աննա Ֆելդհուզենը համոզմունք է հայտնել, որ Կիեւի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները խնդրահարույց են։ Պատճառն, ըստ դիվանագետի, Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտությունն է։
«Փաստ է, որ Ուկրաինայի տարածքում ռազմական հակամարտություն կա։ ՆԱՏՕ-ի համար մշտապես շատ բարդ է եղել հակամարտություն ունեցող պետություններին իր կազմն ընդունել»,- նշել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպանը։
Ֆելդհուզենը հաստատել է, որ Ղրիմիում եւ Դոնբասում ստեղծված իրադրությունն է խոչընդոտում Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ պնդել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ծավալների մեծացումը չի նպաստի Դոնբասում իրադրության կայունացմանը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, թե առաջիկայում Ուկրաինան 60 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնություն կստանա՝ Պեսկովը շեշտել է, որ նման քայլը Ուկրաինայի կողմից անկանխատեսելի քայլերի կհանգեցնի, եթե Կիեւը փորձի երկրի արեւելքում առկա հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։
Պեսկովն ընդգծել է, թե ուկրաինա-ամերիկյան բարեկամությունն ուղղված է Ռուսաստանի դեմ։ «Նրանք ոչ թե պարզապես բարեկամներ են, այլ բարեկամներ են ընդդեմ Ռուսաստանի։ Դա ափսոսանքից բացի այլ զգացում չի կարող առաջացնել»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։