Գյումրիում ավանդաբար անցկացվող «HAY-AT JAZZ, Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․․․» խորագրով ջազային փառատոնը երկօրյա տոն պարգեւեց գյումրեցիներին եւ զբոսաշրջիկներին։
Սեւամորթների ու սպիտակամորթների դարավոր երաժշտական ավանդույթների միահյուսումից ծնված ջազային երաժշտությունը Գյումրու թանգարանների բակերից միասնականության եւ հանդուրժողականության կոչ արեց ջազի սիրահարներին եւ ոչ միայն։
Կազմակերպիչները HAY-AT JAZZ անվան ընտրության երկու տարբերակ են նշում. առաջինը՝ անգլերեն թարգմանությամբ է ընկալվում՝ հայը ջազի մեջ, երկրորդը՝ հայաթ ջազ, ասել է թե՝ ջազը հայաթում՝ բակում։
Հայաթները Գյումրիում մշտապես իրենց հաստատուն տեղն ու դերն են ունեցել։ Դրանք ոչ միայն ավանդական զրուցատեղի են, այլեւ քաղաքային մշակույթի բաղադրիչ։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կազմակերպիչները որոշել են «ջազը բակ բերել»։
«Ավանդաբար ընդունված է, որ ջազը ակումբային երաժշտություն է, փակ տարածքում՝ քիչ թվով հանդիսատեսի համար։ Որոշեցինք ջազը դուրս բերել ակումբից,- աում է Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Նա վստահեցնում է, որ զբոսաշրջային այցեքարտերից մեկը դարձած փառատոնը ե՛ւ ձեւաչափով, ե՛ւ բովանդակությամբ, ե՛ւ թանգարանների բակերով միայն Գյումրիում է հնարավոր իրականացնել։ Փառատոնը թանգարան այցելողին հնարավորություն է տալիս լսելու ջազ, ջազ լսողին էլ՝ մտնելու թանգարան։ Գեղեցիկ համատեղում է։
Նախագիծն ամեն տարի իրականացվել է «Մանուկյան» ընկերության եւ Ջազի հայկական ասոցիացիայի հետ համատեղ, փառատոնին աջակցել է ԿԳՄՍ նախարարությունը։ Այս տարի, սակայն, նախարարութան ֆինանսավորումը ժամանակավորապես դադարեցվել է։ Ջազային տարին բաց չթողնելու նպատակով կազմակերպիչները սահմանափակվել են համայնքային բյուջեով՝ չորսի փոխարեն իրականացնելով երկու համերգ։
«HAY-AT JAZZ, Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․․․» փառատոնը Գյումրիում մեկնարկել է 2017 թվականից։ Մինչ այդ 2012-ից «Մանուկյան» ընկերության նախաձեռնած Վահագն Հայրապետյանի եւ Նյու Յորք ջազ քառյակի համատեղ համերգով քաղաքում վերականգնվեց ջազ լսելու ավանդույթը։
«Այս քայլով փորձեցինք հերքել հայտնի «Պահանջարկն է ձեւավորում առաջարկը» համոզմունքը,- ասում է «Մանուկյան» ընկերության հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը։
Համերգները սկսեցին հաջորդել իրար. ելույթներով հանդես էին գալիս Տաթեւիկ Հովհաննիսյանը, Արմեն Հյուսնունցը, Վահագն Հայրապետյանը, Լեւոն Մալխասյանը եւ ճանաչված այլ ջազմեններ։
Նախագծի այս տարվա անցկացման վայրը գյումրեցի մեծերի՝ Ավետիք Իսահակյանի եւ Հովհաննես Շիրազի «հայաթներն» էին։ Ելույթներով հանդես եկան «Դավիթ Մելքոնյան» ջազ քառյակն ու «Արփենիկ» ջազ տրիոն։ Ազատ աթոռներ չկային, հանդիսատեսը վայելեց համերգները քարերին եւ խոտերի մեջ նստած։
«Մեցցո Պրոդաքշն»-ի տնօրեն Անի Սաղոյանը նկատում է հանդիսատեսի տարեցտարի աճող խանդավառությունը․«Փառատոնն արդեն ունի հիմնական հանդիսատես, ավելանում են նորերը։ Երեւանից նույնպես հետաքրքրվում են, փառատոնի օրերը բաց չեն թողնում»։
Ծնունդով գյումրեցի Բելլա Կարապետյանը, ով ներկայացավ գյումրեցի ջազասեր, բաց չի թողել ոչ մի համերգ։ Ասում է՝ քաղաքում ինչ արվում է, ճաշակով է արվում։ Համերգը դեռ չավարտված՝ հաջորդ տարվա ելույթներին է սպասում։
Կազմակերպիչները ջազի սիրահարներին խոստանում են, որ մոտ ապագայում Գյումրու թանգարանների հայաթներում կլինեն նաեւ արտասահմանցի ճանաչված ջազ-երաժիշտներ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։