Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունից և հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է կոշտ հռետորաբանությունը:
Չնայած ռուսական կողմից հնչող հայտարարություններին, որ եռակողմ հայտարարությունը Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար արդար կարգավորման հիմքեր է ստեղծում՝ Ադրբեջանի նախագահը բացառել է Լեռնային Ղարաբաղին որևէ կարգավիճակ տալու հնարավորությունը։
Ըստ Արմենպրես գործակալության՝ նման բան Ալիեւն ասել է Ադրբեջանի ժողովրդին հղած իր ուղերձում՝ նշելով, թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների առարկա դառնալ։
Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, շարունակ պնդում է, թե կարգավորումը պետք է լինի արդար թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների համար: Վերջին անգամ այդ բանը նա ասել է այսօր BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան հանրապետություն) ղեկավարների գագաթաժողովում։