Լրացավ Սերգեյ Դովլաթովի 80-ամյակը, իսկ նա քսան տարի է՝ չկա: Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ մահը վրա է հասել շտապօգնության մեքենայում՝ աֆրոամերիկացի սանիտարի անփութության պատճառով. արհեստական շնչառության սարքի փողրակն այնպես չի միացրել:
Դովլաթով կարդալուն ինձ Հրանտ Մաթեւոսյանն է մղել: Ինչ-որ տեղ գրողների միջազգային մի հավաքի միասին են եղել: Եվ նրանք՝ խորհրդային երկրից արտաքսված Բրոդսկին եւ Դովլաթովը, տագնապել են, թե ԽՍՀՄ-ում այդ ի՞նչ «գլասնոստ» եւ «պերեստրոյկա» են սկսել, երկրի վերջն ի՞նչ է լինելու:
Պատկերացնո՞ւմ եք, տասը տարի առաջ Լենինգրադի «Պուլկովո» օդանավակայանից Շվեյցարիա արտաքսված երկու գրող, ամերիկյան խառնարանում իրենց տեղն ու բարեկեցիկ ապրուստն արդեն գտած, ոչ թե չարախնդացել կամ թեկուզ հրճվել են, որ պատժիչ համակարգը ճաքեր է տալիս, այլ մտահոգված են եղել, թե իմպերիայի խորտակումն ինչ աղետներ է բերելու շուրջ երեք հարյուր միլիոն մարդու գլխին:
Եվ ես չզարմացա, երբ Դովլաթովի մոտ կարդացի, թե բոլորը մեղադրում են ընկեր Ստալինին, բայց չէ՞ որ նա անձամբ միլիոնավոր մարդու չի հրահանգել, որ ընկերոջ, բարեկամի, շատ հաճախ՝ հարազատի մասին ՆԳԺԿ-ին մատնագիր հղի: Խոր դիտարկում է, չէ՞: Բայց ես չէ, որ պիտի Բրոդսկուն կամ Դովլաթովին գնահատեմ:
Ասելիքս բոլորովին այլ է:
Մի հարցազրույցում Դովլաթովն ասում է, որ մայրը հայուհի է, հայրը՝ հրեա, ծնվել է Ուֆայում, որտեղ ծնողներն էվակուացվել էին պաշարված Լենինգրադից: Եվ որոշել են, որպեսզի տղան ավելի հաջողակ լինի, «մետրիկ»-ում ազգության դիմաց գրել հայ: Իսկ 1978-ին խորհրդային պատկան մարմիններն ասել են, որ ԽՍՀՄ-ից կարող է արտագաղթել միայն որպես հրեա։ Այդպես էլ նոր փաստաթղթեր է ստացել:
Դովլաթովի 80-ամյակին Պետերբուրգում հիշատակի միջոցառումներ անցկացվեցին: Ոչ պետական արարողակարգով, բայց քաղաքը հիշեց նրան: Դովլաթովին նույնիսկ Էստոնիան հիշեց, որտեղ երկու-երեք տարի նա ինչ-որ թերթի «ռեպորտյոր» է եղել: Այս մտորումները թղթին (համակարգչին) չէի հանձնի, եթե Դովլաթովի հիշատակին պետերբուրգյան միջոցառումների մասին չկարդայի Բաքվի լրատվամիջոցներից մեկի կայքում: Սկանդալային լուր. գրողի հիշատակի արարողությունների կազմակերպիչներից մեկին, պարզվում է, պետերբուրգյան ոստիկանությունը բերման է ենթարկել:
Ադրբեջանական մամուլն այդ տեղեկությունը մատուցել է «Դովլաթովը քսան տարի հետո էլ մնում է այլախոհ» խորագրով: Եվ ցավալիորեն արձանագրեցի, որ հայկական ոչ մի լրատվամիջոց այս օրերին Դովլաթովի մասին տող անգամ չգրեց: Սա արդեն «մակարդակ» է:
Ապաքաղաքակրթականացում, երբ հայրենական մամուլը չորս-հինգ օր անընդմեջ ծամում-ծամծմում է Ստեփանակերտում «զոհված զինծառայողների հարազատների կողմից ՔՊ-ական պատգամավորների դեմ հաշվեհարդարի» թեման (իրականում՝ տեղեկատվական կեղծիքը), բայց համաշխարհային մեծության գրողի մասին՝ ոչ մի խոսք:
Ինչո՞ւ:
Կարծում եմ, գրական-մտավորական, լրագրողական շրջանակներին Դովլաթով գրողը հետաքրքիր չէ: Որովհետեւ նա «հայ չէ»: Ցեղասպանության, թուրքերի վայրագությունների, Արցախի ու Հայ դատի մասին ոչինչ չի գրել: Նույն օրերին Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն էր: Գրեթե ամենուր Սարոյանի լուսանկարն էր, նրա խոսքերից մեջբերումներ: Որովհետեւ Սարոյանը հայ է, Բիթլիսի կարոտ է ունեցել: Եվ հայ են նրա շատ հերոսներ:
Իսկ Դովլաթովը հայերի մասին մի «ապուշ» պատմվածք ունի միայն, որտեղ հերոսական ոչինչ չկա: Ավելի շատ «ծաղր է»: Գուցե: Բայց դրանից չի հետեւում, թե Դովլաթովը մերը չէ: Գրականությունը, մշակույթը, գրողին գնահատել միայն նրա հայկականությամբ մի բան է նշանակում՝ մեկուսանալ, պարփակվել սեփական կեղեւի մեջ, ինչպես Վահան Տերյանն է ձեւակերպվել՝ ազգային «սեմինարիզմի» փակ շրջանում, որտեղ բոլորը մրցակցում են, թե ով ավելի թունդ կհայհոյի թուրքերին եւ ավելի բարձր կխոսի Վիլսոնի իրավարար վճռի, մեզնից խլած հողերի եւ դրանք երբեւէ միավորելու վճռականության մասին:
Ողբերգություն է, երբ 2021 թվականի Երեւանում աղետալի պատերազմից մեկ տարի անց ինչ-որ հարթակում ինչ-որ մարդիկ հավաքվում եւ լուրջ տեսք ընդունած խոսում են «պատմական արդարության վերականգնման» եւ «ազգային անօտարելի իրավունքների» թեմաներով: Ողբերգություն է, երբ օրվա մամուլն ընդարձակ մեջբերում է հարյուրչգիտեմքանի տարի առաջ Միքայել Վարանդյանի գրածը, թե ոչ մի սահման, քարտեզի ոչ մի գույն չի կարող մի ժողովրդի զրկել միավորվելու եւ միասնական, ազատ, անկախ հայրենիք կերտելու իրավունքից:
Թերեւս այդպես է, բայց չէ՞ որ դա նաեւ այլ ժողովուրդների իրավունքն է: Մենք այս խնդիրն ապրիորի բացառում ենք՝ միավորման, միասնական հայրենիք ունենալու իրավունքը վերապահելով միայն մեզ:
Ժամանակ առաջ ֆեյսբուքյան օգտատիրոջը երբ հարցրի, որ, ենթադրենք, Թուրքիան վաղը մեզ վերադարձրեց Կարսը, Իգդիրը, Ադրբեջանն էլ՝ Նախիջեւանը, ի՞նչ ենք անելու այդ՝ Հայաստանի ներկայիս բնակչությունը երկու անգամ գերազանցող թրքության հետ, չէ՞ որ նրանք քաղաքացիություն կստանան եւ հաջորդ ընտրություններում իշխանությունն առնվազն կկիսեն, մարդը տեւական լռեց, մի քանի անգամ գրեց-ջնջեց եւ ի վերջո «լուծումը» ձեւակերպեց այսպես. «Թող նախ տան, մնացածը՝ հետո»:
Ահա այսպես: Այս դոմինանտ հոգեխանգարմունքի երկրում, իհարկե, Դովլաթովի ութսունամյակը չի կարող հիշվել: Դիսոնանս կլինի: Ինչպես որ դիսոնանս էր ԼՂ հարցում Ադրբեջանի հետ արժանապատիվ խաղաղության գաղափարը: Գրականության հանդեպ մեր վերաբերմունքն այնքան ուտիլիտար է, որ Շիրազին «Ելնեմ Մասսի գագաթին/Թքեմ թուրքի ճակատին» տողեր ենք վերագրում:
Կամ, ով գիտի, գուցե հենց այդպես էլ գրե՞լ է: Այդ դեպքում Դովլաթովն իրոք մերը չէ:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։