«Ո՛չ, իհարկե տուն չեմ գնի մարզում», «Աշխատանքս, երեխաներիս դպրոցը Երեւանում է, ամեն օր մարզից ինչպե՞ս ենք գալու-գնալու», «Երեւանցիները տան կարիք չունեն, դրա համա՞ր են դադարեցնում ծրագիրը», «Շատ ուրախացանք, այլեւս մատչելի գնով ոչ մի բնակարան»,- հիմնականում այսպիսի պատասխաններ լսեցինք Երեւանի բնակիչներից ֆեյսբուքյան հարցման ընթացքում։
Նրանք դժգոհ էին, որ հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտահակի վերադարձն այլեւս չի գործելու Երեւանի տարածքում։ Այսպես Կառավարությունը փորձում է խթանել քաղաքաշինական ծրագրերն ու անհատական բնակարանաշինությունը մարզերում:
Հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականին:
Ի սկզբանե նպատակը եղել է աջակցել ցածր ու միջին խավին բնակարաններ ձեռք բերելու հարցում, ինչպես նաեւ զարկ տալ նոր շենքերի կառուցմանը: Սակայն տարիների ընթացքում պետական բյուջեից վարկառուներին վերադարձող գումարների չափը աճել է։ Կառավարությունն այժմ համարում է, որ այս ծրագիրը բյուջեի համար մեծ բեռ է, եւ այն երկար շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում:
Բացի այդ՝ բնակարանաշինությունը գերկենտրոնացել է Երեւանի կենտրոնում: Հետեւաբար այն նաեւ բնակչության գերկենտրոնացման է տանում:
Ինչո՞ւ չպետք է դադարեցվի ծրագիրը
«Քանի դեռ նոր համակարգ չենք ստեղծել, արդար չէ քաղաքացիների համար գործողը փակել կամ սահմանափակել»,- ասում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Այս որոշման նպատակն է զարգացնել քաղաքաշինական ծրագրերն ու անհատական բնակարանաշինությունը մարզերում, մինչ այդ, սակայն, պետք է պարզել՝ ինչու մարզերում բնակարաններ չեն կառուցվում։
Խնդիրները շատ են։ Առաքելյանը նշում է մարզերում բնակարանների՝ Երեւանին համարժեք գները, չզարգացած ենթակառուցվածքները եւ կարծում, որ դրանք վերացնելու համար մարզերում խրախուսման միջոցառումներ պետք է կազմակերպել, ոչ թե Երեւանում ծրագիրը սահմանափակել՝ հուսալով, թե շինարարությունը կտեղափոխվի մարզեր։
Բացի այդ՝ բազմաբնակարան շենքերն ամբողջովին խեղաթյուրել են Երեւանի Կենտրոնի տեսքը, խախտված են քաղաքաշինական նորմերը։ Նախկին նախարարն այս խնդրի կարգավորումը քաղաքապետարանի գործառույթ է համարում եւ ծրագրի նման սահմանափակման անհրաժեշտություն չի տեսնում։
Երեւանում այսօր ունենք բնակֆոնդի բավականին մեծ զանգված, ու տասնյակ տարիներ հետո հնարավոր է լուրջ խնդրի առաջ կանգնենք, որովհետեւ այսօր արդեն մի շարք թաղամասերում կան վթարային շենքեր ու նորերի կառուցումը ոչ թե սոցիալական, տնտեսական, բնակարանային, այլ առաջին հերթին անվտանգության խնդիր է։
«Աստված չանի՝ վթարային շենքի հետ կապված խնդիրներ ունենանք, այդ ժամանակ կառավարությունը տասնապատիկ, հարյուրապատիկ ավել գումար է հատկացնելու, քան հիմա այս ծրագրի իրականացման համար»,- ասում է Առաքելյանը։
Ի՞նչ է առաջարկում Կառավարությունն այս ծրագրի փոխարեն
«Այս համակարգը ոչ թե ընդհանրապես վերանալու է, այլ փոխվելու են դրա ձեւն ու տրամաբանությունը»,- ասում է «Իմ քայլը» խմբակցութան պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ մինչեւ Երեւանում այս ծրագրի ամբողջապես դադարեցումը արդեն կներկայացվի փոխհատուցման նոր նախագիծ։
Մինչեւ 2025 թվականը Կառավարության առաջնահերթությունների մեջ է եկամուտների համընդհանուր հայտարարագրման նոր մեխանիզմի ներդրումը։ Այդ ժամանակ կլինի նաեւ Երեւանի բնակիչների համար փոխհատուցման որոշակի մեխանիզմ, իհարկե ոչ այն չափով, որը հիմա է, բայց հնարավոր կլինի հարկման բազայից հիպոթեքի տոկոսների սպասարկմանն ուղղվող գումարների մասով նվազեցումներ կատարել։
Պատգամավորը վստահ է, որ Երեւանում բնակարանների գների թռիչքաձեւ աճեր չեն լինի, որովհետեւ ծրագրի դադարեցումը սահուն է լինելու՝ չորս տարվա ընթացքում։
Երեւանի տարածքում ծրագրի դադարեցումը հաճախ բացատրվում է մարզերում բնակարանաշինության զարգացումը խթանելու նպատակով։
«Սա արվում է, ոչ թե որ Երեւանից մարդիկ գնան մարզեր, այլ որ մարզերից չձգտեն գալու Երեւան»,- ասում է Թունյանն ու նշում, որ միայն այս փոփոխությամբ, իհարկե, մարզերի տարածքային զարգացման խնդիրը չի լուծվի, բայց սա գործոններից մեկն է, որը կնպաստի դրան։
Շահագրգիռ գերատեսչությունները, ԱԺ հանձնաժողովները, բանկային համակարգը, կառուցապատողները եւ այլք դեռեւս հնարավորություն ունեն առաջարկություններ ներկայացնելու եւ քննարկելու Կառավարության ընդունած որոշումը: Միայն քննարկումներից ու ԱԺ քվեարկություններից հետո պարզ կդառնա հիպոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի ճակատագիրը: