Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Ֆիզուլիի օդանավակայանը, որի շինարարությունն արդեն ամբողջությամբ ավարտվել է, կիրակի ընդունել է առաջին օդանավերը։ Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը 3 հազար մետր է, լայնությունը՝ 60:
Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ առաջին փորձնական թռիչքները կատարել են «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի A340-500 մարդատար եւ Silk Way ավիաընկերության Boeing 747-400 բեռնատար օդանավերը։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ օդանավակայանը համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (IKAO) բոլոր պահանջներին, ինչը թույլ կտա այնտեղ ընդունել աշխարհում ներկայում թռիչքներ իրականացնող բոլոր տեսակի օդանավերը։
Ադրբեջանի կառավարությունը հավասիացնում է, որ Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի ուղեւորատար տերմինալի շինարարությունը եւս ավարտին է մոտենում, այն կարող է շահագործման հանձնվել արդեն առաջիկա շաբաթներին։
Դեռեւս 2021-ի փետրվարի վերջին Ադրբեջանը նախատեսում էր իր վերահսկողության տակ անցած տարածքներում երեք միջազգային օդանավակայան կառուցել: AzVirt շինարարական ընկերության ինժեներ Ղահրաման Ահմեդովը հայտնել էր, որ Ֆիզուլիի օդանավակայանից զատ նախատեսվում է եւս երկու օդանավակայան կառուցել Զանգելանում եւ Քելբաջարում: