«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան» հիմնադրամը Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Արցախից տարհանված եւ Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ու Երեւանում ապաստանած կարիքավոր ընտանիքներին աջակցության ծրագիր է նախաձեռնել:
Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի՝ նախորդ տարվա հոկտեմբերից մինչեւ այս տարվա մարտ բարեգործական ծրագրի շահառուներին տրամադրվել են կենցաղային, սանիտարահիգիենիկ պարագաներ, ջեռուցիչներ եւ սննդի փաթեթներ:
Նշված ժամանակահատվածում աջակցություն է ստացել մոտ 10000 արցախցի: «Արցախցիների ծրագրով» հիմնադրամի տրամադրած աջակցության ընդհանուր գումարը կազմել է շուրջ 400 միլիոն դրամ:
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը ստեղծվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախաձեռնությամբ եւ Հայ Կաթողիկե եւ Հայ Ավետարանական եկեղեցիների մասնակցությամբ: Կլոր սեղան հիմնադրամը գործունեությունը սկսել է 1996-ին: Այժմ գործում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովանու ներքո: