Թուրքիայում հայտնի լրագրող Ֆաթիհ Ալթայլը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու եւ լարվածությունը նվազեցնելու փորձերին զուգահեռ ձգտում է միաժամանակ հասնելու նրան, որ Միացյալ Էմիրություններում գտնվող հանցավոր խմբավորման պարագլուխ Սեդաթ Փեքերն արտահանձնվի:
Թուրքական կողմն ԱՄԷ-ին առաջարկել է Թուրքիայում պահվող ԱՄԷ-ի երկու լրտեսի փոխանակել Փեքերի հետ: Վերջինս նախկին եւ ներկա թուրք հայտնի պետական գործիչներին մեղադրում է տարբեր ծանրության հանցագործություններ՝ սպանություններ, բռնաբարություներ, կոռուպցիոն գործարքներ կատարելու եւ թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ:
Փեքերը, մասնավորապես, Թուրքիայում իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչների հանցանքների, օրենքի խախտումների մասին YouTube-ում հաղորդումների շարք էր սկսել, որոնցով բացահայտումներ է արել: Հատկապես նրա թիրախում հայտնվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Ալթայլը նշել է, որ տեղեկությունն իրեն փոխանցել է թուրքական իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող եւ նախկինում պետական համակարգում աշխատած իր ընկերներից մեկը:
Տեղեկության համաձայն` ԱՄԷ-ն դեռեւս վերջնական պատասխան չի տվել հիշյալ առաջարկին, սակայն թուրքական կողմը ենթադրում է, որ դրական պատասխանի հավանականությունը մեծ է։