13 տարի առաջ այս օրը՝ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին, Հայաստան այցելեց Աբդուլլահ Գյուլը: Թվում էր՝ Թուրքիայի նախագահի այցից եւ երկու արձանագրությունների ստորագրումից հետո Անկարան վերջ կդնի Հայաստանի սահմանները փակ պահելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելու քաղաքականությանը: Սահմանները փակ մնացին, դիվանագիտական հարաբերություններ չհաստատվեցին, ավելին՝ Երեւան-Անկարա շփումներն իջան հնարավոր ամենացածր կետին 1991-ից ի վեր, երբ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:
Որպես անկախ պետություններ՝ Հայաստանը եւ Թուրքիան ունեցել են դիվանագիտական հարաբերությունների ընդամենը երկուսուկես տարվա պատմություն՝ 1918-1921 թվականներին։ Հայաստանում իշխանության էր ՀՅԴ-ն, իսկ Թուրքիայում նախ՝ երիտթուրքերը՝ Թալեաթ-Էնվեր-Ջեմալ եռյակը, ապա՝ քեմալականները:
1918 թվականից ի վեր, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, Օսմանյան կայսրության եւ նրա իրավահաջորդ Թուրքիայի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Երեւան:
Առաջին պաշտոնյան եղել է Խալիլ Կուտ փաշան, որը հայոց պատմության մեջ հայտնի է ցեղասպանության տարիներին անողոք կերպով արեւմտահայերի ջարդեր իրականացնելով: 1918 թվականի օգոստոսին Խալիլը Թիֆլիսից Երեւան է ժամանել Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանիայի եւ Ավստրո-Հունգարիայի ներկայացուցիչների հետ, հանդիպումներ ունեցել վարչապետ Հովհաննես Քաջազնունու, ներքգործնախարար Արամ Մանուկյանի, Մայր Աթոռում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ 5-րդի հետ:
1918 թվականի սեպտեմբերի 8-ին Երեւան է ժամանել Հայաստանում նշանակված թուրք դեսպան Ալի Մեհմեդ փաշան, ով Էնվեր փաշայի ազգականներից էր: Նրան դիմավորել է Արամ Մանուկյանը: Դեսպանը հանդիպումներ է ունեցել նախարարների հետ, այցելել Հայաստանի մի շարք բնակավայրեր, նրա պատվին տրվել է կառավարական բանկետ, թուրք դեսպանը հայ զինվորականների արժանացրել է պարգեւների:
Հայաստանում Օսմանյան կայսրության դեսպանի այցից շաբաթներ անց կրկին Երեւանում էր Խալիլ փաշան: Ֆորմալ առումով, մի կողմից՝ անդրկովկասյան երեք նորանկախ պետությունները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, եւ Քառյակ միությունը՝ Օսմանյան կայսրություն, Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա՝ մյուս կողմից, դաշնակիցներ էին: Շուտով Օսմանյան կայսրությունը Երեւանում բացեց ներկայացուցչություն՝ դեսպանություն, Ալեքսանդրապոլում՝ հյուպատոսություն: Հայաստանը Պոլսում բացեց դեսպանություն եւ դեսպան նշանակեց Ֆերդինանդ Թախթաջյանին:
Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո՝ 1918-ի աշնանը, հայերի եւ թուրքերի շփումները նվազեցին: Հայաստանի թիվ մեկ դաշնակից դարձավ Մեծ Բրիտանիան, որի օգնությամբ Հայաստանն իրեն միացրեց Նախիջեւանն ու Կարսի մարզը, ապա, երբ բրիտանացիները հեռացան Կովկասից, Հայաստանի դաշնակից դարձավ Ամերիկան, որի մանդատի տակ մտնել Երեւանը ձգտում էր 1920-ի գարնանը:
Բարձր մակարդակի հայ-թուրքական շփումները սկսվեցին 1920-ի աշնանը, երբ քեմալական Թուրքիան զավթեց Հայաստանի տարածքները՝ Կարսը, Սուրմալուն, Շիրակի դաշտը: 1920-ի նոյեմբերի վերջին սկսվեցին Ալեքսանդրապոլի բանակցությունները, որոնք Հայաստանի կողմից գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, քեմալականների կողմից՝ Քյազիմ Կարաբեքիր փաշան:
Խորհրդային Հայաստանի տարիներին մեր երկիր են այցելել մի քանի թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ:
1935-ի ամռանը, երբ հայկական կողմում կառուցվում էր Սարդարապատի ամբարտակը, մի քանի ժամով Հայաստան այցելեցին Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը: Վարչապետ Իսմեթ Ինոնյուի եւ արտգործնախարար Թեւֆիկ Ռյուշթյու Արասի Հայաստան կարճատեւ այցը ինչպես թուրքական, այնպես էլ հայկական լրատվամիջոցները համարեցին խորհրդա-թուրքական բարեկամության հաստատման եւս մեկ օրինակ: 1920-ից մինչեւ 1939 թվականը Խորհրդային Միությունը եւ Թուրքիան համարվում էին դաշնակիցներ, իսկ Հայաստանը ԽՍՀՄ մաս էր կազմում միութենական հանրապետության կարգավիճակով:
1991-ին, երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, վերսկսվեցին հայ-թուրքական շփումները: 1991-1998 թվականին Երեւան են այցելել Թուրքիայի արտգործնախարարության մի շարք պաշտոնյաներ:
1999-ի հոկտեմբերին՝ խորհրդարանում իրականացված ահաբեկչությունից հետո, Երեւան ժամանեց Թուրքիայի պետնախարարը՝ մասնակցելու սպանված վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ մյուս վեց պաշտոնյաների սգո արարողությանը:
Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյան Աբդուլլահ Գյուլն էր, ով 2008-ի սեպտեմբերի 6-ին ընդամենը 6-7 ժամով այցելեց Երեւան եւ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ դիտեց Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը:
Ֆուտբոլային դիվանագիտության շրջանում Հայաստան են այցելել նաեւ Թուրքիայի արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեթ Դավութօղլուն: Երեւան այցելած վերջին բարձրաստիճան թուրք պաշտոնյան եղել է հենց Դավութօղլուն, ով 2012 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանում մասնակցեց ՍԾՏՀԿ անդամ երկրների հերթական խորհրդաժողովին:
Հայ պաշտոնյաները եւս բազմաթիվ անգամներ այցելել են Օսմանյան կայսրություն եւ Թուրքիա: Առաջին այցը տեղի է ունեցել 1918-ի հուլիսին, երբ Պոլիս մեկնեց հայկական պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի եւ արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ: Պատվիրակությունը չորս ամիս մնաց Պոլսում եւ այդ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եւ պաշտոնական ճաշեր ունեցավ Թալեաթ եւ Էնվեր փաշաների, սուլթանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ահարոնյանն անգամ շնորհակալություն հայտնեց սուլթանին՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման համար:
Խորհրդային Հայաստանի առաջին տարիներին հայ-թուրքական շփումները պահպանվում էին: Երեւանում Թուրքիայի դեսպանությունը գործում էր մինչեւ 1923-ի հոկտեմբերի վերջերը, իսկ Ալեքսանդրապոլի հյուպատոսությունը՝ մինչեւ 1925-ը: Փոխադարձաբար, Խորհրդային Հայաստանն իր դիվանագիտական ներկայությունն ուներ Պոլսում եւ Կարսում, որը 1920-ի հոկտեմբերին գրավվել եւ կցվել էր Թուրքիային:
1990-ական թվականներից վերսկսվեցին հայ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Թուրքիա, որոնք հիմնականում տեղի էին ունենում միջազգային համաժողովների մասնակցության շրջանակներում: Ստամբուլ եւ Անկարա են այցելել Հայաստանի արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Էդուարդ Նալբանդյանը: Վերջին երեք արտգործնախարարները՝ Զոհրաբ Մնացականյան, Արա Այվազյան եւ Արարատ Միրզոյան, երբեք չեն այցելել Թուրքիա:
Տարբեր առիթներով Թուրքիա են այցելել նաեւ Հայաստանի երեք առաջնորդները՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Միակ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, որ չի այցելել Թուրքիա, ինչպես նաեւ նրա ղեկավարության երեք տարիներին ոչ մի թուրք դիվանագետ չի այցելել Հայաստան:
Հայ-թուրքական բարձր մակարդակի շփումներ եղել են նաեւ երրորդ երկրներում: Այսպես՝ 2009-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ, Ռոբերտ Քոչարյանը՝ արդեն նախագահ Դեմիրելի հետ:
Հայ-թուրքական դիվանագիտական շփումների գագաթնակետը 2009-ի հոկտեմբերի 14-ն էր, երբ Սերժ Սարգսյանը այցելեց Բուրսա եւ Աբդուլլահ Գյուլի հետ դիտեց Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային պատասխան հանդիպումը, տեղի ունեցան նախագահների մակարդակով բանակցություններ:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի դիվանագիտությունը իրենց համոզել էին, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը պայմանավորված չեն մեկը մյուսով, դրանք զուգահեռ գործընթացներ են: Հերթական անգամ հայ քաղաքական միտքը ցանկությունը ներկայացնում էր որպես իրականություն: Թուրքիան, մինչդեռ, ֆուտբոլային դիվանագիտության մեկնարկից հստակ հայտարարում էր, որ Անկարա-Երեւան հարաբերություններում առաջընթաց հնարավոր է Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի փոփոխության դեպքում:
Քառասունչորսօրյա պատերազմից եւ հայկական կողմի պարտությունից հետո ստեղծվել է նոր ստատուս-քվո, որ ժամանակին Ադրբեջանն ու Թուրքիան երազել չէին կարող: Սակայն Անկարան չի պատրաստվում բացելու սահմանները, Հայաստանի հետ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ եւ շարունակում է խոսել նախապայմանների լեզվով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աստիճանաբար կարգավորելու հարաբերությունները Երեւանի հետ՝ բարիդրացիության եւ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա։ Այս կարճ հայտարարության մեջ դրված են Թուրքիայի մյուս երկու նախապայմանները, որոնք Անկարան առաջ է քաշում 1991-ից։ Առաջին՝ Հայաստանը պետք է ճանաչի ժամանակակից Թուրքիայի սահմանները, ինչը արել ենք 1921 թվականի Կարսի պայմանագրով, ինչպես նաեւ անուղղակի կերպով 2009-ին երկու արձանագրությունները ստորագրելով, երկրորդ՝ Հայաստանը չպետք է ներգրավվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։