«Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալությունը ծրագրում է շրջագայություններ առաջարկել դեպի Աղդամ․ քաղաք, որն Ադրբեջանին անցավ անցյալ տարվա պատերազմից հետո: Բայց քաղաքի նախկին բնակիչների վերադառնալու հեռանկարները դեռ աղոտ են, իսկ նրանց այնտեղ վճարովի շրջագայություններ առաջարկելու գաղափարը շատերն անպատշաճ համարեցին»,- «ԵվրասիաՆեթ»-ում գրում է ադրբեջանցի լրագրող Հեյդար Իսաեւը։
Նա պատմում է, որ վճարովի շրջագայությունների մասին հայտարարությունը վրդովել է 1990-ականներին տարածաշրջանից բռնի տեղահանվածներից շատերին, ովքեր ակնկալում են վերադառնալ այնտեղ որպես բնակիչ, ոչ թե որպես զբոսաշրջիկ:
Գործակալության նախագահ Ֆուադ Նաղիեւը լրագրողին ասել է, որ շրջագայությունները վճարովի են լինելու, սակայն մատչելի։ Նա տեղական Modern.az լրատվականին ասել է, որ վճարը խորհրդանշական կլինի եւ, հետեւաբար, առեւտրային շահ չի հետապնդի։
Զբոսաշրջության տարածաշրջանային զարգացման գրասենյակի ղեկավար Էլգուն Ջավադովը հայտնել է, որ գործակալությունն Ադրբեջանի զբոսաշրջության բյուրոյի հետ պատրաստել է երկու երթուղի. մեկը՝ Աղդամ, մյուսը՝ Ֆիզուլի, սակայն դրանք նախատեսված են ոչ թե նախկին բնակիչների, այլ ընդհանրապես ադրբեջանցի եւ արտասահմանցի զբոսաշրջիկների համար: Դրանք միտված են տարածաշրջանում, Ջավադովի բնորոշմամբ, «հայկական վանդալիզմն» ի ցույց դնելուն։
Այս լուրը հիասթափեցրել է շատ ադրբեջանցիների, մասնավորապես Աղդամի նախկին բնակիչներին, որոնցից շատերը դա դիտարկեցին որպես կառավարության կողմից գրավված տարածքների հաշվին գումար վաստակելու միջոց՝ այնտեղ մարդկանց վերաբնակեցնելու փոխարեն: Ծագումով աղդամցի Սախավաթ Մամադը՝ Yenicag.az լրատվական կայքի հայտնի պատերազմական թղթակիցը, այս հարցի ամենախիստ քննադատներից է:
Նա դժգոհել է, որ զբոսաշրջության գործակալությունը, լիազորություն ունենալով որոշելու, թե որտեղից են սկսվելու այցելությունները եւ որտեղ ավարտվելու, տեղահանվածներին զրկում է «սեփական գյուղերը տեսնելու հնարավորությունից»: Մամադը հավելել է, որ շատ է ցանկանում տեսնել այն գյուղը, որտեղ ծնվել է, եւ նշել, որ նախկինում որպես լրագրող դիմել է Աղդամ այցելելու համար, սակայն մերժվել է:
Ընդդիմադիր ReAl կուսակցության տնտեսագետ եւ ղեկավարներից մեկը՝ Նաթիգ Ջաֆարլին, Pressklub.az-ին տված հարցազրույցում «ոչ բարոյական» է անվանել տեղահանված մարդկանց համար վճարովի շրջագայությունների գաղափարը:
«Կարելի է կազմակերպել մարդկանց այցելություններ իրենց նախկին բնակավայրեր՝ իրավապահ մարմինների կամ բանակի կողմից անվտանգության բարձր մակարդակ ապահովելով, բայց դա չպետք է զբոսաշրջության գործակալության գործը լինի»,- ընդգծել է Ջաֆարլին:
Իշխանամետ պատգամավորներից մեկը՝ Ագիլ Աբասը, որը նույնպես Աղդամից տեղահանվածներից է, դատապարտել է ծրագիրը: «Աղդամում զբոսաշրջիկներին գերեզմանատներից բացի ուրիշ բան չկա ցուցադրելու,- ասել է Աբասը:- Լա՞վ է մեկին որպես տուրիստ հոր գերեզմանին տանելը»:
Բայց ոչ բոլորն են դեմ ծրագրին: Ադրբեջանի ավանդական մուղամի հայտնի կատարող, երգիչ Մանսում Իբրահիմովը, որը նույնպես ծնվել է Աղդամում, Musavat.com լրատվականին ասել է, որ առաջարկն իրեն շատ է դուր եկել: «Պետք է նշել, որ արդեն 30 տարի մենք չենք տեսել մեր հայրենի վայրը: Ինձ ասել են, որ անվտանգությունը կպահպանվի ամենաբարձր մակարդակով, եւ բժշկական թիմ կուղեկցի տարեց նախկին բնակիչներին»,- ընդգծել է Իբրահիմովը:
Նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս տված հարցազրույցում ասել է, որ կարեկցում է «օկուպացված տարածքներից, այդ թվում Աղդամից տեղահանված նախկին ադրբեջանցիներին, բայց վերաբնակեցումը երկար գործընթաց է լինելու: «Իհարկե, մարդիկ, ովքեր 30 տարի կարոտով էին հիշում իրենց հայրենիքը, ցանկանում են հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք: Բայց նրանք նաեւ շատ լավ գիտեն, որ բոլոր տներն ու տարածքի բոլոր քաղաքներն ավերված են: Երբ այցելեք մարզեր, կտեսնեք, որ Աղդամ քաղաք չկա»,- ասել է նա CNN Turk-ին:
Պատրաստեց Կարինե Դավոյանը