Ըստ CNNturk-ի` «Թալիբան»-ի ներկայացուցիչները Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հետ:
«Թալիբան»ի ներկայացուցիչ Սուհեիլ Շահինը հայտնել է, որ քննարկվել են Քաբուլի օդանավակայանի անվտանգության եւ կառավարման հարցերը, առհասարակ Աֆղանստանում տիրող իրավիճակը եւ Աֆղանստանի, Թուրքիայի ու ՌԴ-ի հետագա հարաբերությունները։
«Թալիբան»-ի ներկայացուցիչ, քաղաքական վարչության փոխտնօրեն Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը նախորդ երկու օրում Կատարում հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների՝ Կատարում Պակիստանի դեսպանի եւ Գերմանիայի ներկայացուցչի հետ, քննարկել Աֆղանստանում ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։ Պակիստանի դեսպանի հետ քննարկվել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, հումանիտար օգնությունը, երկկողմ հարաբերությունները, երկու երկրների սահմանային անցակետերով մարդկանց տեղաշարժի խնդիրները։
Աֆղանստանի գծով Գերմանիայի ներկայացուցիչ Մարկուս Պոտցելի հետ հանդիպմանը կողմերը քննարկել են ընթացիկ դրությունը, օդանավակայանի աշխատանքի վերագործարկմանը եւ տնտեսական զարգացմանը վերաբերող հարցեր։
Թալիբների ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թալիբանն» ակնկալում է Գերմանիայի հետ ամուր հարաբերություններ հաստատել պաշտոնական մակարդակով։ Թալիբներն ակնկալում են ֆինանսական, մարդասիրական օգնություն, աջակցություն առողջապահության, գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներում:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հնարավոր է համարել, որ մի շարք պայմանների դեպքում երկիրը կարող է վերսկսել Քաբուլում դիվանագիտական առաքելության աշխատանքը, որը փակվել էր թալիբների իշխանության գալով:
Նման պայմանների թվում նախարարը նշել է, մասնավորապես, Աֆղանստանում ներառական կառավարության ձեւավորումը, մարդու իրավունքների պաշտպանությունը եւ անվտանգության ապահովումը: