Տարիներ առաջ Մեծ Հայրենադարձությունն ուսումնասիրող նախագծի շրջանակում նկարահանումներ էի անում Բեյրութում եւ Անջարում։ Հարցազրույցներից գրեթե բոլորում կարմիր թելի պես անցնում էր «ազգ-հայրենիք» հակադրությունը։
Հարցվողը հնչակյան լիներ, ասում էր. «Մենք հայրենասեր էինք, անոնք՝ ազգասեր», դաշնակցական լիներ, ասում էր. «Մենք ազգասեր էինք, անոնք՝ հայրենասեր»։ Խոսքը Սովետական Հայաստանից հնչած հայրենադարձության հրավերն ընդունել-մերժելու մասին էր։ ։
Հայրենիքում ծնված-մեծացածիս համար հեշտ չէր հասկանալ այդ «պատերազմը», թեեւ ապրել էի 88-ի շարժումն ու անկախ պետության դժվարին կայացումը։
88-ի շարժումն ազգինն էր, ազգինն էլ կմնար, եթե տրամաբանորեն չհանգեցներ անկախության, որովհետեւ, որքան էլ դառը լինի խոստովանելը, պետության տեսիլք եւ հեռանկար առանձնապես չկար։ Հարյուր հազարավոր մարդկանց մտքում Հայրենիքն էր՝ անորոշ ու անձեւակերպելի։
Կարճ ասած՝ հող էինք ուզում ու մի քիչ արդարություն։
1990-ին պետության վերածված Հայրենիքը (ինձ համար սկիզբն Անկախության հռչակագիրն է, հետո պետք է լիներ փաստող հանրաքվեն), օրինաչափորեն հակազգային էր։ Սա ասում եմ ոչ թե կրկնելով ժամանակի քաղքենուն ու անվանական մտավորականին բնորոշ նիհիլիզմը, այլ արձանագրում եմ փաստը՝ պատմական, եթե դեմ չեք՝ դրական։
Այդպես էր, որոհետեւ
-պետությունը միշտ իրապաշտ է, ազգն՝ հարատեւ անէապաշտ,
-պետությունն ունի հարեւաններ, ազգը՝ հակառակորդներ ու թշնամիներ,
-պետությունն ուրիշ պետությունների հետ է նստում-վեր կենում, ազգը լավագույն դեպքում ընդունում, մեկ-մեկ էլ հարգում է ուրիշներին՝ ակնկալելով աջակցություն, կարեկցանք, գթություն…
-պետության սահմանը գրաֆիկա է, ազգի սահմանը՝ նատյուրմորտ,
-պետության սնունդը տնտեսությունն է, ազգինը՝ բնամթերքը,
-պետությունն ամոթ չունի (չի կարողանում շատ վճարել, քիչ է վճարում), ազգն ամոթից մեռնում է, երբ էրեխի վերջին զանգի փողը չի ճարում,
-պետությունը բանակ է, ազգը…՝ ազգ-բանակ՝ հիշատակելի դեմքերի ու դեպքերի անիմացիայով,
-պետությունը չի կարող ասել. «Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա», ազգը մղում է հոգեփոխության (ռեինկարնացիայի),
-պետությունը մշակույթ է, ազգը՝ դհոլ-զուռնա, երգ ու պար,
-պետությունը չի արտագաղթում, ազգը՝ թափառական է,
-պետությունը պատմություն է կերտում, ազգը պատմություն սպառող է։
Հակադրությունների այս ցանկը կազմելուց հետո կարիք կա՞ բացատրելու, թե երեսուն տարի անց ո՞ւմ եւ ինչպես պարտվեցինք։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։