ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Խորհրդարանական փոխպետքարտուղար, Եվրոպական հարեւանության եւ Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթնի հետ։
Միրզոյանը նշել է, որ տարածաշրջանում տեւական եւ կայուն խաղաղության կարելի է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա համապարփակ լուծման միջոցով։
Ուենդի Մորթոնն իր հերթին նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին:
Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Նա գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի սադրիչ գործողությունների, մասնավորապես՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների ներթափանցման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նման գործելաոճը խաթարում է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերը: