ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է։ Ինչպես ասում են, պատճառները բավարար են։ Այդ մարդը տեսավ այն օրը, երբ ինքն այլեւս անպատիժ չէ։
Երբ կարդում ենք ձերբակալումը հիմնավորող հոդվածները, մի քիչ ընկնում ենք մտքերի մեջ՝ էլի որ անպատիժ չէ, բայց դա չի նշանակում, որ անպայման կնստի։ Աղվան Հովսեփյանը կարող է ուղղակի փոխհատուցել ամբողջ վնասն ու գնալ իր տուն։ Սերժ Սարգսյանն ընդհանրապես նստած չէ վառելիքի գործով, Ռոբերտ Քոչարյանի նմանատիպ մեղադրանքներն այսօր ո՞վ է հիշում, թեպետ դատական նիստերն ամիսը կամ երկու ամիսը մեկ տեղի չեն ունենում։ Արմեն Գեւորգյանն ընդհանրապես անձեռնմխելի է։ Սամվել Մայրապետյանը բուժվելու հիմնավորմամբ ազատ արձակվեց ու թռավ երկրից։
Իհարկե, Աղվան Հովսեփյանը պետք է նստի։ Բայց հիմա ձեզ դրեք բոլոր այն մարդկանց տեղը, որոնք ապօրինի նստել են Աղվան Հովսեփյանի ցուցումով, քավորությամբ կամ ուղղակի մասնակցությամբ, ձեզ դրեք մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցների տեղը, որոնք, ըստ պարոն Հովսեփյանի, ենթարկվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեխանգարմունքին, ձեզ դրեք 1998-ի օգոստոսին սպանված գլխավոր դատախազի եւ իբր նրան սպանած տեղակալի տեղը։ Վերջապես ձեզ դրեք Հյուսիսային Պողոտայի հանրային շահի զոհերի տեղը։ Աղվան Հովսեփյանի վրա այնքան մեղքեր կան։ 2008-ին Աղվան Հովսեփյանն անձամբ էր հիմնավորում, թե ինչու պիտի ընդդիմությունը նստի։
Եվ, իհարկե, նա այնպիսի պողպատյա անձեռնմխելիություն ուներ նախորդ երկու նախագահների օրոք, որ հաստատ 190 միլիոն դրամ կաշառք էլ վերցրած կլինի, 800 միլիոն դրամ գույք էլ հափշտակած կլինի, հանցավոր ճանապարհով 1 միլիարդ 300 միլիոն դրամի գույք էլ օրինականացրած կլինի։ Տնտեսական այս հանցագործությունները մարդը կատարել է, որովհետեւ առանց վիճարկելու կատարել է մյուս հանցագործությունները։ Աղվան Հովսեփյանը մարդ էր, որին թույլատրված էր ամեն ինչ, քանի որ նա «պատշաճորեն» կատարում էր իշխանության ցանկացած քաղաքական հետապնդման հրահանգ։ Նիկոլ Փաշինյանը պողպատյա մանդատ է ցույց տալիս։ Իսկ Աղվան Հովսեփյանի մասին մենք համարյա մոռացել էինք։ Համարյա մոռացել ենք Գագիկ Հարությունյանի մասին, որն, ի դեպ, բանաստեղծություններ էր գրում (մյուսներին դուք հիշեք)։ Կամ Հովիկ Աբրահամյանին։
2016-ին Աղվան Հովսեփյանը Ծիծեռնակաբերդում բոլորիս կոչ էր անում նայել երկնքին ու տեսնել, թե ինչքան հրեշտակներ կան։ Երկնքին նայելուց ազատ ժամերին, եթե ինչ-որ մեկի ճակատագիրը չէր խեղում, պարոն Հովսեփյանը նաեւ նկարում էր։ Դատախազությանը հրաժեշտ տալիս այս մարդը համբուրեց այդ հաստատության դուռը։ Եվ պատճառներ ուներ։ Այսօրվա քրեական հոդվածները ձեւավորվել են այդ դռան ներսում ունեցած արտոնությունների պատճառով։
2012-ին հպարտությամբ լրագրողին պատմում էր իր փառահեղ ճանապարհի մասին, որն սկսվել է ՌԴ Կարելիայի Ինքնավար Հանրապետության Սեգեժայի մարզից։ Հետո լրագրողը գլխավոր դատախազին հարցնում է՝ Սեգեժայի Ձեր գործընկերները գիտե՞ն Ձեր հաջողությունների մասին։ Այսօր հրատապ է դառնում այս նույն հարցը։ Եթե չհաշվենք, որ լրագրողն ինքն էլ պետք է պարզաբաներ, թե ինչ նկատի ունի հաջողություններ ասելով։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: