Թուրք լրագրող Ֆեհիմ Թաշթեքինը Twitter-ի իր էջում գրել է, որ Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադի Քադաֆին, Տրիպոլիի բանտից ազատ արձակվելուց հետո մասնավոր օդանավով մեկնել է Թուրքիա: Գրառմանը կից թուրք լրագրողը հրապարակել է նաեւ Սաադի Քադաֆիի՝ ինքնաթիռում արված լուսանկարը:
Լիբիայի նախկին առաջնորդի որդին 2011-ի իրադարձություններից հետո փախել էր Նիգերիա, սակայն 2014-ին նրան արտահանձնել էին Լիբիայի իշխանություններին: Սաադիին ձերբակալել էին «ցուցարարների դեմ հանցագործությունների մեղադրանքով»: Նրան մեղադրանք էր առաջադրվել 2005-ի Լիբիայի ֆուտբոլի մարզիչ Բաշիր ալ-Ռայանիի սպանության կասկածանքով:
Սաադի Քադաֆին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, 2001-2002-ի մրցաշրջանում Լիբիայի առաջնության լավագույն ռմբարկուն: Իսկ 2003-2007-ին խաղացել է իտալական տարբեր ակումբներում:
Ի դեպ, լիբիացի պետական եւ ռազմական գործիչ, 1969-2011 թվականներին Լիբիայի դե-ֆակտո նախագահ Մուամար Քադաֆին դեռեւս իր բռնի սպանությունից մեկ տարի առաջ՝ 2010-ին հայտարարել էր, որ Եվրոպան հարկադրված է շրջվել դեպի իսլամ, եւ այդ գործընթացը կսկսվի Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցությամբ: Իտալական ընդդիմությանը, հատկապես, զայրացրել էր Քադաֆիի` «Իսլամը պետք է լինի Եվրոպայի կրոնը: Եվրոպան պետք է մահմեդականություն ընդունի» արտահայտությունը:
Իտալիայի կառավարության անդամ Հյուսիսային միություն կազմակերպությունը հայտարարել էր, որ Լիբիայի առաջնորդի` Թուրքիայի հետ կապված արտահայտությունը բացահայտում է մահմեդականների իրական մտադրությունը: «Թուրքիան սպառնալիք է ԵՄ համար: Դա է պատճառը, որ տարիներ շարունակ «Ո՛չ Թուրքիային» արշավ ենք իրագործում»,- ընդգծել էր Հյուսիսային միություն կազմակերպությունը: