ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինին։
Զրուցակիցները, ի թիվս խիստ կարեւոր այլ հարցերի, անդրադարձել են Հայաստանի հարավում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը:
ՀՀ արտգործնախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող սադրիչ գործողություններին, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայուն զարգացմանը:
Կողմերն անդրադարձել են 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձնանց անվերապահ հայրենադարձման խնդրի հրատապությունը։
Արարատ Միրզոյանը նաեւ կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի վերսկսումը։