ՀՀ արտգործնախարարությունից մեկնաբանել են Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ այն գնահատելով որպես դեէսկալացիային վնասող գործողություն։
«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների եւ Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն եւ խաթարում է տարածաշրջանում տեւական խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն հաստատելու ջանքերը»,- ըստ «Sputnik Արմենիայի»՝ ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերը վարժանքներ են անցկացնում արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում:
Պատերազմից հետո Թուրքիան եւ Ադրբեջանը մի քանի համատեղ վարժանքներ են անցկացրել: Սա Բաքվի եւ Անկարայի առաջին համատեղ զորավարժությունն է ղարաբաղյան հակամարտության գոտում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություններն ընթանում են ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:
Մինչդեռ պաշտոնական Ստեփանակերտն այդ զորավարժություններն որպես սպառնալիք է ընկալում: