Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն թուրքական «Անադոլուին» տված հարցազրույցում նշել է, որ Քաբուլի օդանավակայանի վերաբացման հետաձգման պատճառը Աֆղանստանում կառավարության ձեւավորման հետաձգումն է՝ կապված «Թալիբան» շարժման ներսում առկա տարաձայնությունների հետ:
Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոչ մի ավիաընկերություն չի թռչի Աֆղանստան, քանի դեռ օդանավակայանում լիարժեք անվտանգության վստահություն չկա:
Օդանավակայանի անվտանգությունը, ըստ Չավուշօղլուի, պետք է ապահովի միջազգային հանրության կամ մի շարք երկրների վստահությունը վայելող ընկերություն, հակառակ դեպքում ոչ մի ապահովագրական ընկերություն թույլ չի տա թռիչքներ իրականացնել դեպի այս օդանավակայան:
«Աֆղանստանում հիմա այս ուղղությամբ տեխնիկական աշխատանքներ են ընթանում: Մի խումբ ուղարկել է Քաթարը, մենք էլ մեր հերթին ենք քաղաքացիական ավիացիայի վարչության խումբ ուղարկել»,- ասել է թուրք նախարարը:
«Աֆղանստանի նման երկրից Թուրքիայի ամբողջական հեռացումը սխալ որոշում կլինի: Մենք չենք ասում, որ ցանկանում ենք կառավարել այս երկրի բոլոր կառույցները, բայց ճիշտ չենք համարում կապերն ամբողջությամբ խզելը»,- ասել է նա:
«Տնտեսական, քաղաքական կամ անվտանգության առումով Աֆղանստանի փլուզումը կազդի բոլոր երկրների վրա: Մենք արդեն զգում ենք այս ազդեցությունը »,- եզրափակել է Չավուշօղլուն: