Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «չնայած հարեւան երկրի կողմից մեր հանդեպ տասնամյակներ շարունակված ագրեսիվ քաղաքականությանը»՝ պաշտոնական Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա։
Քաթարի արտգործնախարարի՝ Սուլթան բին Սաադ Ալ Մուրեյհիի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է, որ դրա մասին առավել մանրամասն ավելի վաղ հայտարարել է նախագահ Ալիեւը։
Օգոստոսին CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիեւը հայտարարել էր, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, «որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ սկսվի սահմանազատման, այսինքն՝ սահմանների հաստատման գործընթաց»։
Ալիեւը նշել էր, թե Ադրբեջանը մինչեւ օրս դրական պատասխան չի ստացել Հայաստանից եւ հավելել, որ այդ առաջարկը հավերժ չի կարող մնալ բանակցային սեղանի վրա։