Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել Բաքվից ժամանած Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը, որով Հայաստան են տեղափոխվել 2 հայ գերիներ՝ Արթուր Նալբանդյանը եւ Արամայիս Տոռոզյանը։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
2 հայ գերիների փոխարեն Երեւանը Բաքվին է փոխանցվել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւին, որը օգոստոսի 25-ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Վարորդ Արթուր Տոռոզյանը եւ զինծառայող Արթուր Նալբանդյանը կորել էին հուլիսին՝ Սյունիքի Սեւ լճի տարածքում։
Պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ին հայտնել էր, որ լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի եւ վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ, որոնք առանց զենքի են եղել։ Սկսվել էին որոնողական աշխատանքները, որոնք այդ պահի դրությամբ արդյունք չէին տվել:
Հուլիսի 16-ին լուր տարածվեց, որ զինծառայողն ու վարորդը հայտնվել են ադրբեջանական կողմում։ Սակայն Ադրբեջանը պաշտոնապես չէր հաստատել այս լուրը։
Մինչեւ օրս պաշտոնական գերատեսչությունները որեւէ տեղեկություն չէին հայտնել նրանց կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին։