ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սեպտեմբերի 7-ին ՀԱՊԿ քարտուղարությունում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի փոխնախարարների խորհրդակցություն։ Քննարկվել են սեպտեմբերի 15-16-ը Դուշանբեում անցկացվելիք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստման եւ անցկացման հարցերը։
Համաձայնեցվել են նաեւ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին եւ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների տեղակալներին տեղեկացրել է օգոստոսի 23-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում տրված աֆղանստանյան իրավիճակին վերաբերող հանձնարարականների իրականացման քայլերի մասին:
Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում սպասվում են ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստեր։ Իսկ սեպտեմբերի 16-ին տեղի կունենա ՀԱՊԿ գխավոր վեհաժողովը, որի ժամանակ 2022 թվականի նախագահությունը կփոխանցվի Հայաստանին: