Արեւմտահայերենի պահպանման եւ զարգացման, գրականության եւ մշակույթի հանրահռչակման նպատակով 2020 թվականին ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհի մրցույթ էր հայտարարել։ Ներկայացված հայտերից ընտրվել էր Շիրակի մարզային գրադարանի ծրագիրը։
Թիմն ամբողջ ուժով աշխատել եւ օրերս գործարկել է arevmtahayeren-shmg.am կայքը, որտեղ այցելուները կգտնեն արեւմտահայերեն ստեղծագործություններ, վերլուծություններ, համապարփակ տեղեկություններ սփյուռքում գործող համայնքերի, կրթօջախների եւ ստեղծագործողների մասին։
Աշխատանքներում ներգրավել են Հայաստան տեղափոխված սփյուռքահայերի։ Համագործակցության առաջարկներ են ուղարկել սփյուռքի բազմաթիվ կառույցների։
Կայքը հարթակ կդառնա ոչ միայն դասական արեւմտահայերեն գրական ժառանգության, այլեւ արդի (սփյուռքյան) արեւմտահայերենով ստեղծագործող գրողների ու մտավորականների համար։
«Սա գործուն միջամտություն է, որ նրանք զգան, որ արեւմտահայերնն անուշադության մատնված չէ»,- ասում է Շիրակի մարզային գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանը եւ հատուկ նշում նվիրված աշխատողների դերը կայքի հաջողության գործում։
Կայքի պատասխանատուն 2012 թվականին Սիրայից Հայաստան տեղափոխված Անի Չալեանն է։ Նա ուրախությամբ փաստում է, որ Հայաստանում արեւմտահայերենի պահպանությանն ուղղված ջանքերը նշմարելի արդյունք են տալիս։ Կարեւոր է գիտակցել, որ արեւմտահայերենի գործածությունը, թեկուզ քիչ-քիչ, լեզուն կենդանի կպահի։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ազգային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը նախարարության մշակութային եւ կրթական քաղաքականության կարեւորագույն անելիքներից մեկը արեւմտահայերենի վերածննդի ապահովումն է համարում։ Ասում է՝ նորաբաց կայքի գործարկման առաջնահերթ նպատակներից մեկն էլ գրական ժառանգության թվայնացումն է։
Նախարարությունն արեւմտահայերենի պահպանության այլ գործուն քայլեր եւս ձեռնարկել է, օրինակ՝ թատերական ներկայացումների շարքերը։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն արեւմտահայերենը պաշտպանության կարիք ունեցող լեզուների շարքում է գրանցել։ Բնական է, որ Հայաստանն առաջինը պետք է այդ պաշտպանության իրացնողը լինի»,-ասում է Աստղիկ Մարաբյանը։
Մոտ ապագայում arevmtahayeren-shmg.am կայքը կանցկացնի տարբեր միջոցառումներ։ Առցանց հարթակում կլինեն արեւմտահայերենով ստեղծագործողների գրական խմբակներ, կկազմակերպվեն փառատոներ եւ մրցույթներ։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։