Քաբուլի յուրաքանչյուր փողոց գրավիչ է աչքի համար,
Բազարների միջով եգիպտական քարավաններ են անցնում,
Անթիվ են նրա տանիքներին փայլող լուսինները,
Անթիվ են պատերի հետեւում ծպտված հազար չքնաղ արեւները:
Այս տողերի հեղինակը աֆղան-ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնին է։ Դավաճանության համար քարկոծված կանայք, գողության համար անդամահատված մարդիկ, երկիր, որտեղ արգելված է կինոն, թատրոնը, երաժշտությունն ու կերպարվեստը․ նրանք, ովքեր չէին լսել թալիբների ու աֆղանական վարքուբարքի մասին, Հոսեյնիի «Հազար չքնաղ արեւներ» վեպի գլխավոր հերոսների հետ մի քանի էջում ապրեցին աֆղանական դժոխքը, որն, ամենայն հավանականությամբ, օրերս իրականացված իշխանափոխությունից հետո Աֆղանստանում կրկին կվերսկսվի։
Իշխանության անցած «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին օրերս հայտարարել է, որ Աֆղանստանը ժողովրդավարական երկիր չի լինելու, այնտեղ իշխելու են շարիաթի օրենքները։
2015 թվականին միջազգային ուժերի մեծ մասը լքեց Աֆղանստանը
Այս տարվա ապրիլին էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ամերիկացի զինվորականները Աֆղանստանից ամբողջությամբ կհեռանան մինչեւ օգոստոսի 31-ը: Կարճ ժամանակահատվածում թալիբներին հաջողվեց արագորեն վերահսկողության տակ վերցնել Աֆղանստանի ողջ տարածքը:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը, իսկ նրա հարազատ եղբայրն անցավ թալիբների կողմը, կառավարական զորքերի զինվորները զանգվածաբար հանձնվեցին գրոհայիններին՝ նրանց տրամադրության տակ թողնելով ամերիկյան ռազմական տեխնիկան եւ սարքավորումները:
«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը դեռ վաղ է համարում Աֆղանստանում «Թալիբանի» վերջնական հաստատման մասին խոսելը։ «Այդ քաղաքական ուժն այնպիսի նորմերով է եկել իշխանության, որ շուտով բնակչության մոտ առաջ է գալու դժգոհության մեծ ալիք»։
Աֆղանստանի պաշտպանության նախկին նախարար, Աֆղանստանի ազգային հերոս Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Շահ Մասուդը, Քաբուլին մոտ գտնվող անառիկ լեռնային կիրճում գլխավորում է հակաթալիբանյան շարժումը։
«Եթե Շահ Մասուդը կարողանա իր դիրքերն ամրապնդել, ապա հնարավոր է Աֆղանական պետության տրոհում՝ էթնիկական հիմքի վրա, իսկ սա համընկնում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերին»,- կանխատեսում է քաղաքագետը՝ հավելելով, որ աֆղանական բանակի նախկին զինվորները, սպայական կազմը երկրում մնալու դեպքում թալիբների կողմից պարզապես կոչնչացվեն։ Նրանց միակ ելքը կամ փախուստի դիմելն է կամ միանալը Շահ Մասուդի հակաթալիբանյան շարժմանը։
Մտահոգության առիթ Հայաստանի համար
«ԱՄՆ-ի շտապ հեռանալը Աֆղանստանից, ինչը զարմացրեց շատ քաղաքական շրջանակների, նպատակ ուներ սեւ խոռոչ ստեղծել Ռուսաստանի համար ու նոր ճակատ բացել ռուսական ուժերը մաշելու նպատակով, որովհետեւ իսլամական արմատականությունը կարող է Աֆղանստանից անմիջականորեն ներթափանցել Միջին Ասիա, Ղազախստան եւ ինչու ոչ, նաեւ ՌԴ-ի կազմում գտնվող մուսուլմանական հանրապետություններ»,- ասում է Քեռյանը։
Ռուսաստանում շատ լավ գիտեն, որ եթե չկանխվի իսլամական արմատականության ներթափանցումը միջինասիական պետություններ, շատ մոտ ապագայում՝ 5-6 տարի անց, Ռուսաստանն էլ կարող է խնդիրներ ունենալ հենց իր ներսում, եւ բնականաբար, այս ամենը ստիպելու է նրան առավել մեծ ռեսուրսներ կենտրոնացնել այդ ճակատում։ Այդ դեպքում հարավկովկասյան հակամարտություններն իրենց նշանակությամբ կհայտնվեն ավելի ստորադաս վիճակում, եւ դա կարող է օգտագործվել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։
Հիմա դեռ դժվար է ասել՝ «Թալիբանը» կձեռնարկի ակտիվ ներթափանցում Աֆղանստանին սահմանակից միջինասիական երկրներ, թե ոչ։ Մինչեւ թալիբների իշխանության գալը, ռուսական դիվանագիտությունը կատարեց շատ ճարպիկ ու խելացի քայլ․ Մոսկվան ընդունեց թալիբների ներկայացուցիչներին ու նրանցից հարեւան երկրներում գործունեություն չծավալելու վերաբերյալ որոշակի հավաստիացումներ կորզեց։
Եթե Ռուսաստանին, իսկապես, հաջողվի «Թալիբանին» պահել Աֆղանստանի սահմաններում, ապա Հայաստանը անհանգստանալու կարիք չի ունենա։
Կթուլանա՞ արդյոք ռուսական կարգավորիչ գործոնը մեր տարածաշրջանում՝ հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններում, դեռ վաղ է ասել, դա կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչ ռեսուրսների կարիք կունենա ասիական տարածաշրջանում իր շահերը պաշտպանելու համար։
Մինչ այդ Աֆղանստանում աֆղան ժողովուրդը հրաժարվում է համակերպվել երկրում ստեղծված նոր իրողությունների հետ․ ինքնաթիռից ընկնող մարդիկ, Քաբուլի օդանավակայանում փրկության սպասողներ, ապստամբություններ․ «Թալիբանը» դեռ երկար ճանապարհ ունի Աֆղանստանում լիարժեք հաստատվելու համար։
Վերադառնալով Հոսեյնիի «Հազար չքնաղ արեւներ» վեպին՝ նշենք, որ գրքի շապիկին անապատով միայնակ քայլող կին է՝ աֆղանական հանդերձանքով ու ապագայի հույսով: Սա յուրահատուկ արեւելյան սիմվոլ է, որտեղ միայնակ քայլող կինը կանանց հավաքական կերպարն է, իսկ արեւելյան հանդերձանքը՝ բուրքան՝ անազատության խորհրդանիշ, որից ազատվելու երազանքն այդպես էլ անկատար կմնա թալիբյան շարժման հաստատման հետեւանքով։