Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ պահեստավորված հակակորոնավիրուսային պատվաստանյութերը նպաստում են համավարակի երկարաձգմանը:
Ըստ ամերիկյան CNBC հեռուստաընկերության՝ ԱՀԿ արտակարգ հիվանդությունների տեխնիկական ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Քերհովն ընդգծել է, որ պատվաստանյութերի կուտակումը ոչ միայն անարդարացի է, այլեւ՝ անբարոյական:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Եվրամիությունում բնակչության 57% ը լիովին պատվաստված է, եւ լրացուցիչ չափաքանակներ են պատվաստում Ֆրանսիայում եւ Մեծ Բրիտանիայում: Այնինչ Աֆրիկայում լիովին պատվաստվել է բնաչկության ընդամենը 3%-ը:
ԱՀԿ-ն ավելի վաղ դիմել էր տնտեսապես զարգացած երկրներին՝ հորդորելով չքավոր երկրներին հատկացնել սեփական պատվաստանյութերի գոնե 10%-ը: Կազմակերպությունը կանխատեսել էր, որ մինչեւ դեկտեմբերի վերջ աշխարհի բնակչության 40%-ը հազիվ հասցնի պատվաստվել:
ԵՄ-ն եւս հունիսին հարուստ երկրներին հորդորել էր առավել ակտիվորեն զբաղվել պատվաստանյութերի նվիրատվությամբ:
ԱՀԿ տվյալներով՝ 2021-ի կեսին Եվրոպայում բնակչության ավելի քան 60%-ը պատվաստվել է առաջին չափաքանակով: Այն դեպքում, երբ ցածր եկամուտ ունեցող երկրներում պատվաստվել է բնակչության ընդամենը 1%-ը: