Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որոնց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կրտսեր փեսային՝ Սելջուկ Բայրաքթարին, պատրաստում է նախ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, ապա Թուրքիայի նախագահի պաշտոնների համար։
Մասնագիտությամբ ինժեներ Սելջուկ Բայրաքթարն ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Baykar Makina» տեխնոլոգիական ընկերության տեխնիկական տնօրենն է եւ հոգաբարձուների խորհրդի նախագահը։
Թուրք վերլուծաբան Ահմեթ Նեսինը իր «Արդյո՞ք ԱԶԿ-ի ղեկին գալու է Սելջուկ Բայրաքթարը» հոդվածում գրել է, թե Բերաթ Ալբայրաքի (Էրդողանի մյուս փեսայի) հրաժարականից հետո վերջին ամիսներին բոլոր ալիքներով անընդհատ խոսում են կրտսեր փեսայի՝ Սելջուկ Բայրաքթարի մասին։ Ըստ թուրք վերլուծաբանի՝ Սելջուկ Բայրաքթարի մասին «Անօդաչու թռչող սարքեր է թողարկում», «Բայրաքթարները վաճառում ենք ամբողջ աշխարհին», «Թուրքիան զարգանում է, նոր հերոս է ծնվում» կրկնվող շեշտադրումներով արտահայտություններ են տարածվում:
Ամիսներ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բայրաքթարին պարգեւատրել էր «Ղարաբաղյան նշան» մեդալով՝ «Bayraktar» հարվածային ԱԹՍ-ներ արտադրելու եւ արցախյան վերջին պատերազմում որոշիչ դեր ունենալու համար։