Վրաստանի մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման խորհրդարանական հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ավելի խիստ պատիժներ նախատեսող օրինագծին:
Քրեական օրենսգրքում նախաձեռնված փոփոխություններն ընդունվելու դեպքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի վաճառքի համար սահմանված պատժամիջոցները կխստացվեն:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստանի»` թմրամիջոցների, դրանց հավասարեցված նյութերի կամ նոր հոգեմետ նյութի ապօրինի վաճառքի համար 6 -11 տարվա ազատազրկման փոխարեն հանցագործությունը կպատժվի 10-15 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Թմրանյութերի մեծածախ վաճառքի դեպքում 7-14 տարվա փոխարեն սպառնում է 12-17 տարվա ազատազրկում: Նոր փոփոխություններով` հատկապես մեծաքանակ թմրանյութերի վաճառքի համար նախատեսված պատիժը զգալիորեն կխստացվի: Մասնավորապես, եթե նախկինում նախատեսվում էր 8-20 տարի կամ անժամկետ ազատազրկում, նոր օրինագծով պատժի ստորին սահմանը սկսվում է 14 տարուց:
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության` միայն 2021-ի ութ ամսվա ընթացքում պատասխանատվության է ենթարկվել 91 թմրավաճառ: