ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը չի այցելում տարածաշրջան եւ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ, քանի որ դա թույլ չի տալիս Ադրբեջանը՝ բերելով երկու հիմնական պատճառ։ Առաջին՝ ղարաբաղյան հակամարտությունը անցյալում է, ինչպես պնդում է Բաքուն, երկրորդ՝ եթե անգամ ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետները այցելեն Լեռնային Ղարաբաղ, ապա դա պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ եւ ոչ Երեւան-Ստեփանակերտ երթուղով:
Հայաստանի եւ Արցախի համար հակամարտությունը կարգավորված չէ, քանի դեռ անորոշ է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Ավելին, Երեւանը, որ Արցախի անվտանգության եւ պաշտպանության խնդիրը 44-օրյա պատերազմից հետո պատվիրակել է Ռուսաստանին, ինչպես նաեւ Ստեփանակերտը անընդունելի են համարում Արցախի ուղղահայաց ենթակայությունը Ադրբեջանին:
Ռուսաստանի համար եւս հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ, ինչը պնդում է Իլհամ Ալիեւը, նշանակում է ռուս խաղաղապահների ավելորդություն 5-ամյա մանդատը լրանալուց հետո: Վերջին շրջանում ակնհայտ դարձած ռուս-ադրբեջանական լարվածության պատճառներից մեկն էլ հենց այն է, որ Ռուսաստանը հստակ չի հայտարարում, որ տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, Ադրբեջանի իրավասության տակ է:
Բաքուն պնդում է, որ քանի դեռ Մոսկվան հստակ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, ինքը չի ստորագրելու ռուս խաղաղապահների մանդատի հետ կապված փաստաթուղթը:
Ռուս խաղաղապահները տարածաշրջան մտան 44-օրյա պատերազմի վերջին ժամերին՝ համաձայն նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության, սակայն մանդատի հետ կապված փաստաթուղթ այդպես էլ չի ստորագրվել:
Ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում հավելյալ լծակ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ այնտեղ ռազմական, քաղաքական եւ տնտեսական իր ներկայությունը ամրապնդող Թուրքիայի նկատմամբ:
Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ նաեւ Արեւմուտքի՝ Եվրոպայի ու Միացյալ Նահանգների համար, բայց այլ պատճառաբանությամբ եւ նպատակներով: Կովկասյան տարածաշրջանում որոշակի լծակներ պահպանելու եւ ռուսական ազդեցությունը սահմանափակելու իմաստով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը, անգամ Ռուսաստանի ներգրավվածությամբ, կարեւոր միջոց է:
Ադրբեջանը միշտ է դեմ եղել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան այցելեն Հայաստանով: Քանի դեռ Բաքվի դիրքերը ուժեղ չէին եւ կար մի ստատուս-քվո, երբ ադրբեջանական կողմը կորցրել էր 7 շրջան, որոնցից 5-ը ամբողջովին, 2-ը՝ մասնակի, ե՛ւ Մինսկի խումբը, ե՛ւ Երեւանը տեղի չէին տալիս Ադրբեջանի կամակորություններին:
Եղել են դեպքեր, երբ ե՛ւ հակամարտության կողմերը, ե՛ւ միջազգային միջնորդները, գտել են փոխզիջումային տարբերակ: Այսպես, 2001 թվականի մայիսին, երբ դեռ հույս կար, որ հակամարտության կարգավորման Քի Վեսթի տարբերակը հնարավոր է կյանքի կոչել, համանախագահները տարածաշրջան այցը սկսեցին Բաքվից, ապա հասան Ադրբեջան-ԼՂ շփման գիծ եւ այնտեղով անցան Արցախ: Որպես «Ազգ» օրաթերթի լրագրող լուսաբանել եմ այդ այցը: Ադրբեջանական կողմից շփման գծի փոքր հատված ականազերծվեց, համանախագահները անցան չեզոք գոտի, ապա ականազերծվեց արցախյան կողմից:
Ականազերծման ընթացքում ադրբեջանցի մի զինվորական կորցրեց ոտքը, քանի որ անուշադիր էր կատարում աշխատանքը: Համանախագահները կարճատեւ կանգառ ունեցան Աղդամում, այցելեցին Մարտակերտ, Շուշի, որտեղից հաջորդ օրը ուղղաթիռով մեկնեցին Հայաստան: Արցախի նախկին արտգործնախարար Նաիրա Մելքումյանի եւ ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի օգնությամբ ես միացա ուղղաթիռով Հայաստան մեկնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, նրանց օգնականների եւ մի քանի օտարերկրյա լրագրողների 20 հոգանոց խմբին:
Նույն՝ 2001 թվականի հուլիսին, համանախագահները եւ Ռուսաստանի փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը տարածաշրջանային այցը սկսեցին Երեւանից, ապա մեկնեցին Արցախ եւ Ադրբեջան անցան Ֆիզուլիի հատվածով: Այդ այցը եւս լուսաբանել եմ:
Այնպես որ, ցանկության դեպքում հնարավոր է գտնել Արցախ եւ տարածաշրջան այցի մի երթուղի, որը կլինի փոխզիջումային: Ադրբեջանը, սակայն, 44-օրյա պատերազմում հաղթանակից հետո փորձում է խոսել բացառապես ուժի, պարտադրանքի եւ վերջնագրերի լեզվով:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։