Ֆրանսիայում մեկնարկել է 2015-ի նոյեմբերի Փարիզում ահաբեկչության գործով դատավարությունը։ Փարիզի արդարադատության պալատում ընթացող դատավարությանը իրենց փաստարկներով հանդես կգան ահաբեկչության զոհերի հարազատների շահերի պաշտպան ավելի քան 300 փաստաբաններ։
2015-ի նոյեմբերի 13-ի գիշերը ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 130 մարդ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 430 մարդ։ 542 հատոր եւ ավելի քան մեկ միլիոն էջ կազմող հետաքննչական գործում ընդգրկված են 1765 հայցվորների եւ 20 ազգությունների ներկայացուցիչների գանգատներ։
Դատավարության նախապատրաստական աշխատանքները տեւել են շուրջ 20 ամիս։ Հատուկ կահավորված դատարանի դահլիճը տեղավորում է 550 մարդու։ Մյուս ցանկացողները ստիպված կլինեն դատավարությանը հետեւել ուղիղ հեռարձակմամբ։
Ահաբեկիչների իրավունքները չեն ոտնահարվի
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը «Ֆրանս Էնֆո» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ամբաստանյալները փաստաբաններ ունեն, որոնք դատարանում ելույթներ կունենան՝ ցուցմունքները ներկայացնելու համար, ինչը, ըստ Օլանդի՝ նրանց պարտականությունն է։
Ահաբեկչության գործով անցնող երկու տասնյակ մեղադրյալներից դատավարությանը ներկա կլինեն 14-ը։ Նրանց թվում է զինյալներից միակ ողջ մնացած՝ Մարոկոյից Ֆրանսիա մշտական բնակության տեղափոխված ներգաղթյալների որդին՝ Սալահ Աբդեսլամը, որը երկար ժամանակ թաքնվել էր Բելգիայի արդարադատությունից։ Ի պատասխան դատարանի պահանջի՝ Աբդեսլամը հրաժարվել է տալ ծնողների անունները, իսկ իր մասին ասել է, թե թողել է իր նախկին մասնագիտությունը՝ Իսլամական պետության զինյալ դառնալու նպատակով։
Դատարանի առաջ պատասխան են տալու նաեւ 11 մեղասկիցները, որոնք մշակել են ահաբեկչության սցենարը, մասնակցել ֆինասնավորմանը կամ զենքի մատակարարմանը։ Եվս վեց մեղադրյալների գործը դատարանը քննելու է նրանց բացակայությամբ։ Վերջիններիս ճակատագիրը որոշելու են հինգ լիազոր դատավորները։ Նրանց օգնելու են նաեւ չորս դատապաշտպաններ, որոնք ներկա են լինելու դատավարությանն ու լիազոր դատավորների հիվանդանալու դեպքում փոխարինելու են նրանց։
Գլխավոր ամբաստանյալին եւ եւս նրա 10 հանցակիցներին սպառնում է ցմահ ազատազրկում։ Եվս 8-ը ամենայն հավանականությամբ կդատապարտվեն մինչեւ 20 տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներից մեկը հավանաբար 6 տարվա ազատազրկման կդատապարտվի՝ պարտակչության համար։
Դատավարությունը նախատեսվում է ավարտել 2022-ի մայիսի 25-ին։ Այդ ամբողջ ընթացքում արդարադատության պալատի տարածքում տրանսպորտի երթեւեկությունը կարգելվի։ Որոշ փողոցներ էլ կփակվեն անգամ հետիոտնի համար։
Սեւ ուրբաթը
2015-ի նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի մի քանի շրջաններում Իսլամական Պետության ծայրահեղական գրոհայինները մի շարք ահաբեկչական գործողությունների են դիմել։
Սկզբում պայթյուններ են որոտացել փարիզյան Ստադ դը Ֆրանս մարզադաշտի մատույցներում՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ։ Խաղին հետեւող Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդը անհապաղ տարհանվել է անվտանգության ծառայողների օգնությամբ։
Միաժամանակ ահաբեկիչները Փարիզի Բատակլան համերգային դահլիճում, որտեղ ելույթ էր ունենում ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը, մոտ 100 մարդու պատանդ էին վերցրել։ Համերգային դահլիճում այդ ժամանակ 90 մարդ զոհվեց։ Բատակլանից հետո ահաբեկիչները գրոհներ ձեռնարկեցին փարիզյան սրճարանների վրա՝ ավտոմատի կրակահերթով սպանելով կամ վիրավորելով սրճարանների այցելուներին։
Մարդկանց անվտանգության ապահովման եւ ահաբեկիչներին վնասազերծելու նպատակով Ֆրանսիայի ամբողջ տարածքում 50 տարվա մեջ առաջին անգամ հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ, երկրի պետական սահմանները փակվեցին։
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության օրը համաշխարհային հանրությունը կնքեց Սեւ ուրբաթ անունով։
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը