Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը չի բացառել, որ Աֆղանստանում անկանխատեսելի իրավիճակի սրման դեպքում ՀԱՊԿ անդամ երկների զինվորականները կտեղակայվեն Տաջիկստանում՝ հանրապետության սահմանների պահպանման համար։
Վոլֆովիչն ընդգծել է, որ Աֆղանստանում իրադարձությունները կարող են հանգեցնել անդրազգային մարտահրավերների եւ սպառնալիքների աճի: Պետքարտուղարը հավելել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ջանքեր գործադրել դիվանագիտական եւ ռազմաքաղաքական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ Դաշնակից պետության, ՀԱՊԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում, ինչպես նաեւ արտասահմանյան գործընկերների հետ երկկողմ ձեւաչափով:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովն էլ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ կազմակերպությունը պետք է պատրաստ լինի Աֆղանստանում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի եւ այտեղից եկող հնարավոր սպառնալիքներին հակազդելուն:
«Այժմ ամբողջ աշխարհին մտահոգում է՝ ինչպես կզարգանա իրավիճակն Աֆղանստանում եւ այդ երկրի շուրջ։ Մեր կազմակերպության որոշ անդամ պետություններ անմիջականորեն սահմանակից են Աֆղանստանին։ Մեր խնդիրն է պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման։ Դրա համար էլ զորավարժությունների համապատասխան թեմա է որոշվել։ Հիմնականում դա ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարն է։ Մենք տեսնում ենք, որ խնդիրներ կան Աֆղանստանի հետ մեր պետությունների սահմանին։ Այնտեղ վիճակն անկայուն է։ ՀԱՊԿ-ը պատրաստ է կանխելու ցանկացած սպառնալիք»,- ասել է Սիդորովը Ղրղզստանում անցկացվող «Ռուբեժ-2021» զորավարժությունների ժամանակ։
ՀԱՊԿ հաջորդ զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերին Տաջիկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանին։